Հայոց ազգային ինքնության ծննդյան վկայականը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը հայագետ, մշակութաբան Արթուր Արմինն է։

Լույս է տեսել Արթուր Արմինի նոր՝ «Հին աստվածներ․ Խորենացու հաղորդած դիցապատումների աստղագիտական հիմքերը» գիտամշակութային գիրքը, որի շնորհանդեսը լինելու է հունիսի 22-ին։

Հաղորդման հյուրը հիշատակեց Ջորջ Օուրելին՝ հիշեցնելով նրա հետևյալ արտահայտությունը՝ «Ով տիրապետում է ներկան, տիրապետւմ է անցյալը, ով տիրապետում է անցյալը, տիրապետում է ապագան»։ Այսինքն՝ առանց սեփական ինքնության ճանաչման՝ տվյալ ազգը, էթնոսը կդադարի որպես այդպիսին գոյություն ունենալ։ Արթուր Արմինը ժողովրդին համեմատեց այն անձի հետ, որը չգիտի իր անունը, ազգանունը, ծագումը, իր ծնողներին, ծննդավայրը, որը կոմայից դուրս եկած, հիշողությունը կորցրած «բույս» է։ «Մեր ինքնության վկայականը տասնյակ դարերի քաղաքակրթական մշակույթն է՝ գիտություն, արվեստներ, անգամ պետական կառավարման թեոկրատական պետությունը և ազգային պետությունը։ Որպես ազգ, որպես ժողովուրդ մենք կարող ենք գոյատևել այն դեպքում, եթե չմոռանանք մեր արմատները»։

Հեղինակը ներկայացրեց իր գրքում ամփոփված դիցապատումների աստղագիտական հիմքերը՝ ասելով, որ գիտության մեջ դա թույլ կտա նոր առաջընթաց գրանցել՝ ապացուցելով, որ համաշխարհաին մշակույթի բնօրրանը Հայաստան աշխարհն է։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում