Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը կշրջանցեն Սուեզի ջրանցքը. Monde Afrique

Ֆրանսիական Monde Afrique կայքը գրում է. «2023 թվականի ապրիլի վերջին Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի ներկայացուցիչները հանդիպեցին Երևանում՝ քննարկելու ապագա Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի պլանները, որը կօգնի նվազեցնել տրանսպորտային ծախսերը և մեծացնել առևտուրը Հնդկաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև»:

Կայքը հավելում է. «Մայիսի 17-ին, Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռաիսին պայմանագիր են ստորագրել 164 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցման մասին, որը պետք է կապի Ադրբեջանի սահմանին գտնվող Աստարա և Ռաշտ քաղաքները: Այս ծրագրով Մոսկվան և Թեհրանը նպատակ ունեն շրջանցել Սուեզի ջրանցքը»։
Ռաշտ քաղաքից ռուսական արտադրանքը երկաթուղով տեղափոխվում է հարավային նավահանգիստներ, իսկ այնտեղից ուղարկվում Հնդկաստան, Արաբական թերակղզի կամ Արևելյան Աֆրիկա։ Այսպիսով, Ռուսաստանը կարող է խուսափել իր ապրանքների տարանցումից Բալթիկ ծովով, որը սահմանակից է Հյուսիսային Եվրոպային, Սև ծովով և Սուեզի ջրանցքով։

Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագիրը ստորագրվել է 2002 թվականին՝ Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև։ Այն իրենից ներկայացնում է  ճանապարհային, երկաթուղային և ծովային կապերի ցանց, որի նպատակն է մեծացնել և պարզեցնել առևտուրը Ռուսաստանից Հնդկաստան՝ Իրանի և Հայաստանի միջոցով: Բայց նախագիծը դանդաղ առաջ գնաց պատժամիջոցների, վարչական խնդիրների և տարածաշրջանային լարվածության պատճառով: Հյուսիս-Հարավ ճանապարհը հնարավորություն կտա Սուեզի ջրանցքի համեմատ փոխադրման ժամանակը նվազեցնել 40%-ով, իսկ տրանսպորտային ծախսերը՝ 30%-ով:

Հնդկաստանը մեծ ներդրումներ է կատարել Չաբահար նավահանգստում՝ Կենտրոնական Ասիայի միջոցով Ռուսաստանի և Իրանի հետ առևտուրը մեծացնելու համար: Անցած տարի Ռուսաստանի Աստրախանի նավահանգստի և Մումբայի Ջավահարլալ Նեհրու նավահանգստի միջև առաջին առևտուրն իրականացվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով:
Սա համատեղ ռազմավարական ծրագիր է: Այն թույլ կտա ազատվել Սուեզի ջրանցքից:  Իսկ հանդիպմանը Հայաստանի ներկայությունը վկայում է, որ Իրանը և Ռուսաստանը փորձում են մարգինալացնել Ադրբեջանին, որը սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ:
Դեպի ծով ուղիղ ելք չունեցող Հայաստանը հույսը դնում է Ադրբեջանի հետ տարաձայնություններ ունեցող գործընկերների վրա, ինչպիսիք են Իրանը կամ Հնդկաստանը, որոնք կարող են պաշտպանել իր պաշտպանական արդյունաբերությունը։