Թուրք և դավաճան անուններից չվիրավորվող Փաշինյանը չի հանդուրժում միայն հերոսներին և մեր ընկած առյուծների վրեժը լուծող Սարգսյանին

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»։

ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյան

Նախորդ հոդվածում մեր ընթերցողին ենք ներկայացրել երբեմնի հաղթանակող, առաջ ընթացող պետության սրընթաց գահավիժման, կորուստների և պարտության պատճառներից մեկը, այն է՝ պետությունը ներկայացնող ղեկավարի կեցվածքը, հռետորաբանությունն ու խոսքը։

Խոսքը (հին քերականությամբ՝ բանը) անհատի մտքի արտաբերումն է, ունի նյութականություն, ընկալելի է զգայարաններով, կարող է լինել ճիշտ կամ սխալ, կեղծ կամ բացարձակ ազնիվ։ Այն անկրկնելի է, իրացվում է որոշակի անհատի կողմից՝ կապված հաղորդման որոշակի նպատակների հետ, հարմարեցվում է իրադրության հետ և պայմանավորված է անհատի ստեղծագործական ակտիվությամբ և նպատակադրումներով։ Ահա թե ինչու քաղաքականության և դիվանագիտության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պետական և քաղաքական գործչի խոսքին, հռետորաբանությանն ու կեցվածքին։ Դա է նաև պատճառը, որ պետության ղեկավարները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում իրենց ելույթներին, մտքերին և շարժուձևին (խոսքերիս իսկությունը կվկայեն PR մասնագետները, ինչու չէ նաև ժեստերի լեզվի մասնագետները)։

Ի՞նչ ունենք այսօր ․․․

Բացահայտում չի լինի, եթե ասենք, որ մեր պետությունը ներկայացնող անհատը չի փայլում իր պետականամետ կեցվածքով ու խոսույթով։ Երբեմնի «Արցախը Հայաստան է և վերջ» միտքը գեներացնող Փաշինյանն այսօր հանգիստ խղճով միջազգային հանրությանը ներկայացնում է «Հայաստանի», իսկ ավելի կոնկրետ իր պատրաստակամությունը ճանաչելու արհեստածին ադրբեջանի անհասկանալի 86․6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը

«Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»։

2020թ․ 44-օրյա պատերազմից, տարածքային և մարդկային անդառնալի կորուստներից, անհետ կորածների և գերիների կործանված ճակատագրերից, պատերազմի ընթացքում ադրբեջանի կողմից ռազմական մի շարք հանցագործություններից հետո Փաշինյան Նիկոլն այլևս թե իր կեցվածքով, թե հռետորաբանությամբ լծված է սեր ու հարգանք սերմանել ոչ թե սեփական հայրենակիցների շրջանում (չմոռանանք այս նույն խումբը 2018-ին եկավ սևեր ու սպիտակներ տարանջատելով, դագաղներ և սև ժապավեններ պարացնելով), այլ առ թուրք ու թշնամի, որը երբեք էլ չի թաքցրել հային հոշոտելու իր նկրտումները։

Նիկոլ Փաշինյանը  2022թ․ դեկտեմբերի 12-13-ը Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում, մասնակցելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացմանը, իր խոսքում գեներացրեց հերթական միտքը

«Ես չեմ ուզում, որ ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ, որովհետև կարծում եմ, որ իսկապես, մեր տարածաշրջանում նաև թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի մեր՝ առնվազն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Եվ ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք նաև ինքնահայեցման հնարավորությունից՝ սկսած ամենակենցաղային մակարդակում: Օրինակ՝ ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը, կարծում եմ, այն է, որ մենք ուղիղ պաշտոնական մակարդակում ասենք, որ ընդունում ենք, ընդգծում ենք, որ մենք պիտի, օրինակ՝ այդ թվում Հայաստանում, դադարեցնենք մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն: Հայաստանի Հանրապետությունում կա այդ բանը, օրինակ՝ եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար, ասել՝ դու թուրք ես: Մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ուղղակի ասել, դրանով իրենք ինձ ամենևին նախ չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում և ընկալում: Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ այս իրողությունների հետ մենք պետք է առերեսվենք և պետք է աշխատենք փոխել այս իրողությունը․․․»։

Պատահակա՞ն միտք, դժվար թե, քանզի նա հստակ ձևակերպված ելույթում ներկայացնում է իր տեսլականը, որին ծառայում է իր քաղաքականությունը, և այս ամենի վերահաստատումն ու շարունակությունն է հանդիսանում 2023 թ․ մայիսի 3-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական անկեղծ խոսքը

«Շարունակում եմ պատրաստակամ մնալ ընդդիմության հետ քննարկելու բոլոր թեմաները։ Ես կոչ եմ անում ամենևին չվախենալ, մտածել ու երբեմն էլ անսպասելի մտքեր արտահայտել։ Ինձ այնքան են ասել դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան: Դա էլ ձեր սխալն է, այնքան եք ասել»։

Մարդու խոսքը բնութագրում է իրեն՝ իր փոխարեն, մանավանդ, որ նա գործով էլ ապացուցում է այն ամենը, ինչ ասում է։ Հիմա կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, դե ինչ արած՝ սխալվել ենք, այն ժամանակ չգիտեինք ․․․ Այո, հարգելիներս, սխալվել եք, բայց ոչ թե որովհետև այս ամենը սկզբում խնամքով թաքցվում էր (Փաշինյանը միշտ էլ անկեղծորեն ներկայացրել է իր տեսակն ու մտքերը իր իսկ հոդվածներում և գրքում), այլ որովհետև չէիք ուզում տեսնել, վստահել ձեր իսկ լսածին։

Իսկ ինչ էր ասում նա, երբ դեռ նոր էր եկել, երբ դեռ հավատացնում էր, որ փրկիչ է ․․․

2018 թ․ օգոստոսի 17-ին բանան-ելակի սիրահար Փաշինյանը վարչապետի պաշտոնում նշանակվելու 100 օրվան նիրված հանրահավաքին, հավատարիմ իր պոպուլիստական գործելաոճին՝ կարևորեց ի՞նչը, իհարկե՝ բանանը, այն պարագայում, որ արդեն իսկ իր ասելով ի պաշտոնե քաջատեղյակ էր բանակցային գործընթացից, թշնամու նկրտումներից, աչքի տակ ուներ 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմը, և անդադար քննադատում էր նախկինների քաղաքականությունը․

«Հիշում եք՝ 2017 թ. աշնանը, ընդդիմադիր լինելով, ես հայտարարեցի, որ Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե: Եվ այո՛, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում ես վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը: Եվ ասում եմ՝ այսօր Հայաստանում չկա′ բանանի մենաշնորհ, չկա′ բենզինի մենաշնորհ, չկա′ ոչ մի բանի մենաշնորհ, կա′ միայն իշխանության մենաշնորհ, և այդ իշխանության մենաշնորհի տերը դո՛ւք եք՝ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»: https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/08/17/Nikol-Pashinyan-100-day-rally/

Ի դեպ բանանի մենաշնորհի մասին, որն այսօր էլ բավական արդիական թեմա է՝ իսկ ի՞նչ կասեք կոկաինի մենաշնորհի մասին 3 տոննա, 1 տոննա․․․

Այն, որ այսօր միանշանակ կա իշխանության մենաշնորհ, կասկածից վեր է, բայց այն, որ այդ մենաշնորհի տերը ՀՀ քաղաքացին է, վստահաբար կհակադարձի յուրաքանչյուր ոք սեփական օրինակով։ Բայց նույնիսկ բանանի հարցում էլ չկարողացավ երկար պահել իր խոսքը (բանանի գնի մեջ փոփոխությունը տևեց շատ կարճ), ուր մնաց կարողանար հայրենիք պահել․

Սակայն հարկ է նշել, որ մի հարցում Փաշինյանն անկեղծ էր, երբ 2018թ․ ապրիլին ԱԺ-ում մայիսի 1-ին տեղի ունենալիք վարչապետի ընտրության քննարկման առնչությամբ ԱԺ պատգամավորներին ուղղված ուղերձում հստակ ասում էր. «Կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով և աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»

Սա պարզապես հատուկենտ օրինակներ են Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անհատի հռետորաբանության և դրա դրսևորման։

Վստահ եմ՝ մեր հարգարժան ընթերցողը կբերի բազում այլ օրինակներ, բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե Հայաստանը ունակ չէ ունենալ ավելի արժանապատիվ խոսք ունեցող ներկայացուցիչներ, պարզապես ամփոփման փոխարեն մեջբերենք երբեմնի հաղթանակած Հայաստանի և Արցախի հաղթանակներում գործուն մասնակցություն ցուցաբերած և Փաշինյանի կողմից այդքան ատելի (արդեն իսկ պարզ է՝ ինչու է նա ատում Սերժ Սարգսյանին․ Սարգսյանը երբեք չի ների թշնամուն իր հայրենակիցների թափված արյան համար) նախագահ Սարգսյանի խոսքը 2017 թ․ մարտի 31-ին՝ ՀՀԿ ամփոփիչ հավաքին, որն ինքնին խոսուն է․

«Երեկ մենք հողին հանձնեցինք պաշտպանության բանակի զինծառայող Արտակ Ռաֆայելյանին, ով 20 տարեկան էր։ Հակառակորդի դավադիր կրակոցը գտավ նրան իր պահպանության տակ գտնվող տեղամասում, Հայրենիքի սահմանի իր հատվածը հսկելիս։ Երեկ մենք հավերժություն ճանապարհեցինք հայրենյաց զինվորին, մեր զավակին, որ ընկավ իր առաքելությունն իրականացնելիս։ Երեկ կրկին բոլոր հասկացողները լուռ գոռում էին՝ պատերազմը չի ավարտվել, գրողի տարած մարդասպան մեքենան դեռ կանգ չի առել ու մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Այո, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք վերջնական հանգրվանի պիտի հասցնենք այն, ինչ սկսել ենք։

Հայաստանը վաղուց զոհ չէ և չի պատրաստվում լինել: Մենք չենք սպասելու Աստծո դատաստանին: Չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, ինչպես նախորդ անգամներին: ՈՒ մենք միակամ ենք այս հարցում։
Մեր միասնականության ծովն այլևս հավիտյան իր մեջ է առել Արտակ Ռաֆայելյանին և մյուս տղաների ցավն ու հպարտությունը: Առել է, որ սնուցի մեր ու սերունդների միտքն ու հոգին, ոգին ու միասնականությունը, ցավն ու հպարտությունը: Մեր հոգիներն ու մեր սրտերը, մեր ցավն ու մեր հպարտությունն են այսուհետ լինելու նրանց տունը։ Ամենակարող Աստծո զորությամբ։

Մենք բոլորս վրեժ ունենք լուծելու: Մեր ընկած առյուծների վրեժը մենք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ և ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ երկիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ և ավելի լավը դառնալով: Դա է հաղթանակի միակ ուղին:
Ապրիլի 2-ին մենք խնկարկելու ենք ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը հետ շպրտելիս զոհված մեր տղաների շիրիմներին։ Ապրիլի 2-ին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նաև ընտրատեղամաս ենք գնալու՝ որոշելու համար մեր երկրի՝ գալիք 5 տարիների զարգացման ուղին։ Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է թերևս։ Մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու, ու շատ կարևոր է, որ ընտրելիս հստակ գիտակցի, որ քվեաթերթիկը նաև բանալի է, բանալի դեպի նոր զինատեսակներ ու զրահատեխնիկա, պաշտպանական նոր կառույցներ ու զորքերի տեղաբաշխման արդյունավետ սխեմաներ, դեպի խաղաղության պարտադրում և սահմանին կանգնած զինվորի անվտանգության հետևողականորեն ավելացում։
Ընտրել քվեաթերթիկ, նշանակում է ընտրել, թե ովքեր և ինչպես են լուծելու մեր թիվ մեկ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Ովքեր են, որ պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից, մի սկզբունք, որից մենք երբեք չենք հրաժարվելու: Ովքեր են, որ կկարողանան հաստատապես սատարել արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին:

Եվ վերջապես քվեաթերթիկ ընտրելիս հարկ է ընտրել, իհարկե, լավ ապրելու համար, բայց չմոռանալով, որ լավ ապրելու համար նախ պետք է պաշտպանել լինելու, ապրելու իրավունքը, այլապես իմաստ չունի լավ կյանքի պատկերացումներից խոսել, եթե պատկերացում չունես, թե այդ կյանքի իրավունքն ինչպես պետք է պաշտպանել, ինչպես պետք է բռնել այդ կյանքի վրա բռնանալու պատրաստ ձեռքը։

Այս միջոցառման բնույթից ելնելով՝ ես հիմա ձեզ պետք է կոչ անեի ընտրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Բայց ես այդպես չեմ անի։ Ես կասեմ ընտրեք ում ուզում եք , բայց ընտրելիս հիշեք, որ լավ ապրելու պայմանը միայն ու միայն տևական ու տքնաջան աշխատանքն է: Ես կասեմ՝ ընտրե՜ք ում կուզեք, բայց ընտրելիս հիշեք զավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառայության վայրկյաններն է հաշվում: Հիշեք սահմանամերձ գյուղում հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ամեն առավոտ պայուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկներին, ում վստահության աղբյուրը սահմանին կանգնած զորքի մարտունակությունն է։ Հիշե՜ք Արցախյան հերոսամարտում զոհված ընկերներին ու եղբայրներին սեփական ձեռքերով հողին հանձնած մեր հաղթական գեներալների ու սպաների՝ սառը ու արցունքը կորցրած հայացքները, ում կարծրացած սրտի գերագույն ջերմությունն իրենց զինվոր-սաների մարտական պատրաստության նոր ձեռքբերումներն են։
Հիշեք այս պատկերները և ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք։

Մաս 1

Ժաննա Ծառուկյան