Պետություն ղեկավարելն ու ղեկավար երևակայելը տարբեր բաներ են
Մայիսը հայ ժողովրդի պատմության մեջ միշտ էլ եղել է հաղթանակների ամիս, որն ստացել է Եռատոն անվանումը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը (մայիսի 9)։ Սակայն 2020-ից հետո, ավաղ, բոլորը ցավ ու կսկիծով են խոսում մայիսյան մեր պարծանքներից վերջին 2-ի մասին, քանզի այս իշխանության վարած ապաշնորհ քաղաքականության հետևանքով մենք ունեցանք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմ, որն իր խայտառակ «հանգուցալուծումն» ստացավ նոյեմբերի 9-ի փաստաթղթով՝ նվիրելով թշնամուն երբեմնի ազատագրված տարածքները՝ Շուշին, Հադրութը, Ակնան, Քաշաթաղը և այլն։

Ավաղ, անկուշտ թշնամին չի բավարարվում եղածով և պահանջում է ավելին՝ արդեն իսկ Հայաստանի սուվերեն տարածքից և, ցավոք, ստանում է։ Իսկ ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ երբեմնի հաղթանակող ժողովուրդը այսօր անդադար կորցնում է, սգում, գլուխ խոնարհում, խնդրում․․․
Պատասխանը շատ պարզ է, և այն սկսվում է 2018-ից, երբ հստակ տեխնոլոգիաներով և մանիպուլյացիաներով հայ ժողովրդին մոլորեցրին, թե իբր արժանի է լավ, արժանապատիվ ապրելուն։ Առաջին պլան եկավ մեկը, որը երբեք չի թաքցրել իր տեսլականը հայրենիքի, Արցախի, հայրենասիրության մասին։ Եվ ժողովուրդը մոլորվեց, հավատաց, թե իբր իր պետության ղեկավարն է մեղավորը, որ ինքը ցոփ ու շվայտ կյանքով չի ապրում (այսօր այդ նույն մարդը շատ ավելի ցածր սոցիալական վիճակում է հայտնվել), ու մերժեց, բայց չհասկացավ որ ոչ թե «մերժում է Սերժին», այլ իրականում մերժում է իր որդուն, արժանապատվությունը, Հայրենիքը, ապագան։

Այսօր շատերն են գլուխները կախում և ամաչում իրենց արածից, այդ թվում նաև այն հայտնիները, որոնք իրենց օրինակով նպաստում էին ազգակործան ծրագրի իրականացմանը։ Բայց մենք այսօր չենք քննարկում այդ մոլորյալներին՝ համաձայն Աստվածաչնշի՝ մի դատիր, որ չդատվես սկզբունքի, Աստված իրենց հետ։ Մենք ուզում ենք խոսել այն մասին, թե ով է իրականում հայը, և ինչ է հայի արժանապատվությունը․․․

Հայը միշտ էլ եղել է արժանապատիվ, և դրա որքան էլ զրկանքներ է կրել, պարտադրված պատերազմների մեջ ներքաշվել, հայը շարունակել է իր գոյությունը իր իսկ հողի՝ Հայրենիքի վրա և հարատևել։ Այդպես էր նաև մինչև 2018 թ․, երբ ունեինք 2 կայացած պետականություն, խրոխտ բանակ, միջազգային հանրության հարգանք և ամենակարևորը՝ թշնամու վախ (իհարկե, այդ վախի պատճառով Ադրբեջանի բռնապետը խորամանկեց, և սկսեց գործել Հայաստանի ներքին թուրքի միջոցով)։ Եվ ուզենք, թե չուզենք, այդ ամենի պատասխանատուն պետության ղեկավարն է, նա, ով արտաքին աշխարհին ներկայանում է որպես հայ, որպես պետության ղեկավար և ամենակարևորը՝ բանակցող (այսօր այս ամենը կվկայեն հատկապես սփյուռքահայերը, ովքեր ամենօրյա ռեժիմով սեփական մաշկի վրա զգում են հայ լինելու անարգանքը, իսկ այդ ամենը 2018-ին իրենց սխալ ընտրության արդյունքն է)։

Խոսքերիս վկայող օրինակները շատ են, թե ինչպես կարող է ղեկավարը ստիպել Ադրբեջանի բռնապետին աջուձախ վնգստալ ու բողոքել, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախը, և ինչպես կարող է մեկ այլ ղեկավարի շնորհիվ այդ նույն բռնապետը հոխորտալ, թե չկա Հայաստան, այն Արևմտյան Ադրբեջանն է։
Այսօր շատ ենք խոսում պետությունը ներկայացնող Փաշինյանի հռետորաբանությունից, որի հետևանքով ունենում ենք անդադար կորուստներ։

«Բայց պրոբլեմն ամենևին այն չէ, որ ես պատրաստ չեմ եղել կամ այսօր պատրաստ չեմ։ Ավելին ասեմ՝ ես պատրաստ եմ եղել զիջման, բայց այդ զիջման սահմանը չեմ տեսել, թե մինչև ուր պետք է զիջեմ, որ ամեն ինչ ավարտվի: Որովհետև եթե զիջման չափը տեսանելի է, դու կարող ես դա լրջորեն քննարկել, բայց այն բովանդակությունը, որ եղել է, և այսօր էլ խնդիրը դրա մեջ է: Խնդիրն այն է, որ պարզ չէ, թե որտեղ է զիջման, փոխզիջման կամ ճկունության սահմանը, որ ես գամ ասեմ՝ ժողովո՛ւրդ, էսքանը զիջվել է, բայց վերջ․ կարևորը երկրի համար ապահովել եմ տևական կայուն խաղաղություն։ Պրոբլեմն այսօր դա է, որ չի երևում զիջման գիծը»․ – սա 2023 թ․ հունվարի 10-ի ասուլիսում հնչած Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որից հետո զարմանալի չէ Ալիևի՝ ամեն ինչ ուզելու մոլուցքը։ Բայց այստեղ ակամա հիշում ես ընդդիմադիր Փաշինյանի երբեմնի քննադատությունները փոխզիջման և սահմանային ցնցումների մասին։ 2017 մարտի 30-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ասուլիսում քննադատում էր գործող իշխանություններին՝ բանակցություններում իբր զիջումների գնալու համար․ «Զիջում բառը փոխակերպվել է փոխզիջման, այսինքն՝ էն, ինչ իրականում զիջում է, անունը սկսել են դնել փոխզիջում․․․»։
Փաշինյանի հիշողությունը թարմացնենք ևս մի փաստով։ 2016-ի դեկտեմբերի 29-ին ընդդիմադիր Փաշինյանը, կարծես, այսօրվա վարչապետ Փաշինյանի քաղաքականությունը բնութագրող ֆեյսբուքյան գրառում է անում․ «Սահմանային շարունակվող ցնցումները Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետևանք է, որ 2014-16 թվականներին բերեց հարյուրավոր զոհերի և 800 հեկտար տարածքի կորստի։
Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ էական տարածքային կորուստներ չի ունեցել։
Սերժ Սարգսյանը, որ 800 հեկտարի վերադարձը համարում էր աննպատակահարմար՝ զոհերից խուսափելու նկատառումով, շարունակաբար ոչինչ չի անում նոր զոհերը կանխելու համար»։

Ինչպես կասեր դասականը՝ իյա, իրո՞ք․ Նիկոլ Փաշինյան, իսկ հիմա ի՞նչ կասես․․․
Իսկ ինչպե՞ս էր մինչ Նիկոլը․․․
2016 թ․ նոյեմբերին, Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանի համար առաջնային և սրբազան պարտքը շարունակում էր մնալ վերահաստատված պետականության, մեր երկրի անվտանգությունը․ https://www.president.am/hy/press-release/item/2016/11/26/President_Serzh-Sargsyan-RPA-16th-Convention-November-26/
«Մեր ժողովրդի ազատությունը, իր երկրում ազատ ու անկախ ապրելու հայաստանցու կամքը մեր ամենամեծ արժեքներն են։ Ցանկացած ոտնձգությունից դրանք պաշտպանելը մեր ամենամեծ պարտքն ու հոգսն է։ Դրանց պաշտպանությունը արժանի է ամենամեծ զոհողության։ Մեր հավաքական ինքնիշխանությունն ու ազատությունն արժանի են նույնքան անսահման լինելու, որքան անսահման են եղել դրանք վերահաստատելու ճանապարհին մեր ժողովրդի զոհաբերություններն ու տառապանքը»։

Կասե՞ք՝ Փաշինյանն էլ անվտանգությունը տեսնում է խաղաղության պայմանագրի մեջ։ Աստված սիրեք, ձեր իրավունքն է, բայց խաղաղության կենացների մասին պաթոսական ելույթներով հանդերձ՝ նույն Նիկոլ Փաշինյանը միաժամանակ արձանագրում է, որ խաղաղության պայմանագիրը դեռևս երաշխիք չէ․
«Տեսականում և գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, և դրանից, ասենք՝ 12 ժամ հետո կարող է պատերազմ սկսվել: Սա ամենևին էլ չափազանցություն չէ, նույնը մենք տեսանք սեպտեմբերի 13-ին»։ (https://www.1tv.am/hy/video/%D5%8E%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%A8-%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8/205710 )

Իհարկե, խաղաղությունը բացարձակ արժեք է, որին ձգտում են բոլորը, բայց ինչպես Շուշիի ազատագրման օպերացիայի պատասխանատու Սերժ Սարգսյանն է ասել․ «Երկրի սահմանին խաղաղության վերջին գրավականը զենքն է ու զինվորը։ Երկրի սահմանից ներս ոչ մի զենքով խաղաղություն չես հաստատի։ Երկրի սահմանից ներս խաղաղություն հաստատելու միակ միջոցը վստահությունն է»։

Հայաստանի այսօրվա վայ-ղեկավարը հակառակ կերպ է պատկերացնում պետության ղեկավարումը, խաղաղության ձգտումը․ թվում է, թե նա անվերապահորեն վստահում է թշնամուն (հիշենք՝ 2018 թ․ սեպտեմբերի 30-ին Դուշանբեում Փաշինյանը լրագրողների հետ կիսվել էր իր տպավորություններով՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց» https://armeniasputnik.am/20180930/armenia-pashinyan-aliev-14779404.html ), իսկ սահմանից ներս՝ սատանաներ, դավադիրներ, թշնամիներ և շարասյուներ փնտրում։
Շարունակելի
Ժաննա Ծառուկյան

