Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հասել է իր նպատակին, Նիկոլ հայադավի ոհմակը ոռնում է (տեսանյութ). 3

Սկիզբը՝ այստեղ

«Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանն այլևս հանրապետության ռազմավարական գործընկերը չէ, մի քանի տարի հասունացող տեղաշարժի արձանագրումն է.- «ВФокусе Mail»-ին պատմել է РАНХиГС կառավարման ինստիտուտի դասախոս Կիրիլ Կազակովը։- Երևանում արձանագրեցին. ՀԱՊԿ-ի և երկկողմ պարտավորությունների շուրջ նախկին դաշնակցային մոդելն իրեն սպառել է։ Ղարաբաղյան հակամարտության ակտիվ փուլի ավարտը և Բաքվի հետ հարաբերությունների պաշտոնական կարգավորումը հանգեցրին Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների վերանայմանը։ Հիմնական փոփոխությունը՝ Ռուսաստանը որպես ազգային անվտանգության այլընտրանք չունեցող երաշխավոր ընկալելուց հրաժարվելն է։ Ռեսուրսների սահմանափակությունը, ներմուծումից բարձր կախվածությունը, դեպի ծով ելքի բացակայությունը և տրանսպորտային բարդ մատչելիությունն անխուսափելի են դարձնում Հայաստանի միացումը ուժի ավելի խոշոր կենտրոններին։ Երևանի առաջնահերթությունը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մերձեցումն է։ Ֆրանսիան հայտարարել է Հայաստանին սպառազինություն մատակարարելու մտադրության մասին։ Սակայն Բրյուսելի և Վաշինգտոնի հետաքրքրությունը Երևանի նկատմամբ տակտիկական բնույթ է կրում։ Արևմտյան մայրաքաղաքներին հանրապետությունը հետաքրքրում է որպես Ռուսաստանի և, որոշակի չափով, Իրանի վրա ազդեցության գործիք։ Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության հատվածներից մեկն է, որտեղ Արևմուտքը ձգտում է թուլացնել Մոսկվայի և Թեհրանի դիրքերը»:

Փորձագետի խոսքով՝ Արևմուտքի կողմից Երևանին տրամադրվող ֆինանսական և ռազմական օգնության ծավալներն անհամադրելի են այն տնտեսական և ենթակառուցվածքային կորուստների մասշտաբների հետ, որոնք Հայաստանը կկրի Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար խզման դեպքում։ Ավելին. ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունը Երևանին չեն առաջարկում Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին համանման անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ:

«Կապերը դիվերսիֆիկացնելու և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից առաջացած կորուստները նվազագույնի հասցնելու համար Երևանը դիտարկում է երեք խաղացողների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի հետ հարաբերությունների ակտիվացումը,- բացատրել է փորձագետը։- Սակայն այս ուղղություններից յուրաքանչյուրն ուղեկցվում է երկարաժամկետ և նույնիսկ գոյաբանական բնույթի զգալի ռիսկերով։ Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների զարգացումը, ներառյալ ցամաքային սահմանի բացումը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, կարող է խթան հաղորդել Հայաստանի տնտեսությանը։ Խոսքը Զանգեզուրի միջանցքի կամ «Թրամփի երթուղու» նախագծի մասին է, որը կոչված է կապելու Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Հայաստանի հարավային շրջանների միջոցով։ Այս նախագծի իրականացման դեպքում Հայաստանը կարող է տարանցումից եկամուտներ ստանալ, ինչպես նաև դուրս գալ տրանսպորտային բազմամյա շրջափակումից, որում գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով։ Սակայն Բաքուն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, որը ենթադրում է բնակչության (խոսքը շուրջ 300 000 ադրբեջանցիների մասին է)՝ Հայաստան վերադառնալու իրավունք։ Կուտակային սցենարում տնտեսական էքսպանսիան կարող է վերաճել քաղաքական ճնշման, իսկ հեռանկարում հանգեցնել էսկալացիայի՝ ընդհուպ մինչև զինված հակամարտության և Հայաստանի տարածքային ամբողջականության հարցի»:

Ինչպես նշել է քաղաքագետը, Թեհրանի հետ մերձեցման փորձերը նույնպես լուրջ արտաքին քաղաքական ռիսկեր են խոստանում Երևանի համար: Իրանի հետ էներգետիկ և լոգիստիկ համագործակցության խորացումը սպառնում է ԱՄՆ-ի կողմից երկրորդային պատժամիջոցներով։ Վերջապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ սրացման պայմաններում հայկական էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքը կարող է սպառնալիքի տակ հայտնվել ԻԻՀ ոչ բարեկամական երկրների հատուկ ծառայությունների կողմից:

 

Պաշտոնական Երևանի ուղու երեք սցենար

Փորձագետն առանձնացրել է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենար։ Առաջինը՝ հարաբերությունների հրապարակային խզում՝ տնտեսական միջուկի պահպանմամբ։ Երևանը շարունակում է հայտարարել Ռուսաստանից հեռանալու ուղեգծի մասին։ Հնարավոր են հայտարարություններ դաշնակցային պարտավորությունների վերանայման, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կառույցներին մասնակցության կրճատման, Բրյուսելի և Վաշինգտոնի հետ քաղաքական երկխոսության ուժեղացման մասին։ Սակայն գործնականում երկրների միջև կրիտիկական տնտեսական կապերը պահպանվում են։ Ռուսաստանը կրում է իմիջային նվազագույն կորուստներ՝ «ավագ գործընկերոջ» կարգավիճակի կորուստը փոխհատուցվում է իրական տնտեսական ազդեցության պահպանմամբ։ Մոսկվան պահպանում է ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում և զուգահեռ ներմուծման ուղիները, ինչը հատկապես կարևոր է պատժամիջոցների պայմաններում։ Երևանը շարունակում է սահմանափակ օգնություն ստանալ Արևմուտքից. դա բավարար է, որպեսզի Փաշինյանի կառավարությունը պահպանի կայունությունը, իսկ տնտեսությունը խուսափի փլուզումից։ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը մնում է հիբրիդային, իսկ Ռուսաստանից կախվածությունը պահպանվում է նույնիսկ հռետորաբանության փոփոխության դեպքում։

 

Երկրորդ ու նվազ իրատեսական սցենարը

«Երկրորդ սցենարը՝ Արևմուտքի աջակցությամբ լայնածավալ վերակողմնորոշումն է այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն որոշեն Հայաստանին տրամադրել էական ֆինանսական և ենթակառուցվածքային օգնություն, որը համադրելի կլինի Ռուսաստանի հետ խզման հետևանքով առաջացող կորուստների հետ,- ասել է Կիրիլ Կազակովը։- Այդ ժամանակ Երևանը ստիպված կլինի գնալ Մոսկվայի հետ հարաբերությունների վերջնական խզման, ներառյալ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը և (Ռուսաստանի հետ.-Ա.Հ.) ռազմատեխնիկական համագործակցության դադարեցումը։ Սակայն այս սցենարի հավանականությունը ցածր է։ Արևմտյան գործընկերները չեն ցուցաբերում իրենց համար ոչ առաջնահերթ տարածաշրջանում նման մասշտաբի պարտավորություններ ստանձնելու պատրաստակամություն։ ԵՄ-ում բացակայում է կոնսենսուսը Հայաստանին ասոցիացված անդամակցության գոտի ընդունելու հարցում, իսկ ԱՄՆ-ի օգնությունը սահմանափակված է վարչական շրջանակներով»:

Այստեղ հարկ է որոշ անհամաձայնություն հայտնել փորձագետի կանխատեսմանը: Նախ, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն եթե ծայրահեղ դեպքում նույնիսկ որոշեն Հայաստանին տրամադրել էական ֆինանսական և ենթակառուցվածքային օգնություն, ապա չեն կարողանա գազամուղ անցկացնել Հայաստան ու գազ տրամադրել, եթե Ռուսաստանը ելնելով իր հանդեպ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի և Նիկոլ հայադավի իշխանական ոհմակի (չարախմբի) թշնամական քաղաքականությունից, որոշի ոչ թե ընդամենը վեցապատիկ բարձրացնել գազի գինը, այլ պարզապես դադարեցնել գազամատակարարումը:

Երկրորդ. ի՞նչ է նշանակում «Այդ ժամանակ Երևանը ստիպված կլինի գնալ Մոսկվայի հետ հարաբերությունների վերջնական խզման»: Ինչո՞ւ ստիպված, երբ Նիկոլ հայադավի և իր իշխանության ուզածն էլ, ըստ էության, հենց դա է:

 

Մոսկվայի հաշվարկում իրադարձությունների զարգացման կարծես թե հենց այս վերջին՝ երրորդ սցենարն է

Քաղաքագետի կարծիքով՝ երրորդ սցենարը հավասարակշռության խախտումն ու ներքաղաքական ապակայունացումն է։ Այն հավանական է երկու գործոնի համադրման դեպքում՝ ի պատասխան Երևանի դեմարշների, Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումների խստացման, ինչպես նաև Արևմուտքի կողմից համարժեք փոխհատուցման բացակայության։ Այդ դեպքում Հայաստանը կբախվի տնտեսական անկման, գործազրկության աճի և սոցիալական լարվածության, ինչը կարող է հանգեցնել զանգվածային բողոքի ցույցերի։ Չի բացառվում իշխանության վաղաժամ փոփոխության կամ արտաքին քաղաքական ուղեգծի արմատական վերանայման և Մոսկվայի հետ համագործակցությանը վերադարձի սցենարը։

Հավելենք՝ Մոսկվայի հաշվարկում իրադարձությունների զարգացման կարծես թե հենց այս վերջին՝ երրորդ սցենարն է:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն՝ այստեղ: