Արցախն Ադրբեջանին հանձնածը մեկ մարդ է, ու այդ մարդը ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցրած Նիկոլ Փաշինյանն է

Որքան սեղմվում է օղակը Արցախի շուրջ, այնքան վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանն ավելի ու ավելի է փորձում մոլորեցնել հայ ժողովրդին, իր հակապետական, հակահայկական քարոզչությամբ ու տարաբնույթ ստերով այլասերել հայ հասարակությանը:

Հայաստանն ու Արցախը պարտության տարածն այսօր մեկ նպատակ ունի`ամեն ինչ անել պատասխանատվությունից խուսափելու համար, եթե հարկ է՝ զոհել հայ զինվորի կյանքը, թշնամուն հանձնել Հայաստանի տարածքներ, ընդհուպ մինչև ոչնչացնել հայկական պետականությունը, միայն թե խուսափել պատասխանատվությունից:

Դրա համար է, որ Փաշինյան ասում է` նախկինների ստորագրած Մադրիդյան սկզբունքներն ադրբեջանանպաստ էին, ժողովրդի մեջ արմատացնելով այն կեղծիքը, թե նախկինները դեռ 2011-ին Կազանում կայացած բանակցություններում Արցախը հանձնել են Ադրբեջանին:

Ստին փաստերով արձագանքելու համար մի քանի դրվագով վերհիշենք կազանյան բանակցություններն ու դրան հաջորդած գործընթացները:

ՓԱՍՏ 1

Նախ, մինչ Կազանում կայանալիք բանակցությունները, որտեղ միջնորդի առաջատար դերը ստանձնել էր Ռուսաստանը, մյուս երկու համանախագահող երկրները` Ֆրանսիան ու ԱՄՆ-ը իրենց լավատեսությունը հայտնեցին` նշելով` կողմերն առավել քան երբևէ, մոտ են համաձայնության:

Իսկ Կազանում բանակցային սեղանին դրված էր մի փաստաթուղթ, որտեղ հստակ արտացոլված էին բոլոր սկզբունքները։ Հիմնական գաղափարն էր` ազատագրված տարածքների` 5+2-ի զիջում` Արցախի Հանրապետության կարգավիճակի դիմաց: Համաձայն փոխզիջման քաղաքականության, հայկական կողմերը` Արցախն ու Հայաստանը թողնում էին ազատագրված տարածքները և, ինչպես արձանագրված էր փաստաթղթի 1-ին կետում, Արցախի Հանրապետության վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու էր արցախահայության ազատ կամարտահայտման միջոցով: Այսինքն, պարտադիր իրավաբանական ուժ ունեցող հանրաքվե: «Դա ինքնորոշման սկզբունքի մարմնավորումն էր». տարիներ անց խոսելով Կազանի մասին` ասել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սակայն, ինչպես հայտնի է, բանակցությունների վերջին պահին, Ալիևը հրաժարվում է փաստաթղթի ստորագրումից` ներկայացնելով ևս ութ-ինը կետ։ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը, իրենց ձեռքով տապալված բանակցությունների մասին ասել է. «Ադրբեջանը մերժեց կազանյան առաջարկները, քանի որ մտավախություն կար, որ Քելբաջարն ու Լաչինը, որ պիտի վերադարձվեին միայն հանրաքվեի անցկացումից հետո` երբեք էլ չէին վերադարձվելու Ադրբեջանին»: Ազիմովը ասել էր` համաձայնագրի ստորագրումը և բանակցային ողջ գործընթացը Ադրբեջանի շահերից չէին բխում:

Ադրբեջանի վախերի մասին են փաստում նաև Կազանից հետո ծավալված գործընթացները. նախ, ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջացավ նկատելի լարվածություն: Ալիևն իր դժգոհությունը բանակցություններից արտահայտեց նրանով, որ բոյկոտեց սեպտեմբերի սկզբին Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների հոբելյանական գագաթնաժողովը, իսկ մեկ ամիս անց` հոկտեմբերի 18-ին, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստում հրաժարվեց ստորագրել ԱՊՀ ազատ առևտրային գոտու ձեւավորման մասին պայմանագիրը։ Բայց սա դեռ ամենը չէր, Ալիևն ավելի առաջ գնաց. շտապեց Թուրքիայի հետ կնքել ադրբեջանաթուրքական գազային համաձայնագրեր, որով ադրբեջանական գազը ոչ միայն դեպի Թուրքիա էր արտահանվում, այլև թուրքական տարածքով դեպի Եվրոպա։ Այսպիսով, Կազանից հետո Ալիևը մասնակից դարձավ Ռուսաստանը շրջանցող հաղորդակցային ծրագրի իրականացման:

Այս ամենը փաստում էին այն մասին, որ կազանյան փաստաթղթով հաստատվում էր Արցախի Հանրապետության անկախությունը, և դա լավ էր հասկանում Ալիևը:

Հարց Նիկոլին. եթե Մադրիդյան փաստաթուղթը, որն իր պնդմամբ, ադրբեջանանապաստ էր ու դրանով Արցախը իբր հանձնվել է Ադրբեջանին, ինչո՞ւ Ալիևը չստորագրեց Մադրիդյան սկզբունքները,ինչու ձախողեց այդ սկզբունքների վրա Կազանում կայացած բանակցությունները, ինչո՞ւ հրաժարվեց իր համար նպաստավոր փաստաթղթի ստորագրումից:

ՓԱՍՏ 2

Վերջերս վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հաճախ է հայտարարում, թե Հայաստանը դեռ 1991 թվականին ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը` ճանաչել է Ադրբեջանի տարածքայի ամբողջականությունը: Սա Նիկոլի հերթական սուտն է:

Հիշեցնեմ, որ Ալմա-Աթայի փաստաթուղթը հայկական կողմը ստորագրել է հստակ վերապահումով, ու այդ վերապահումը վերաբերում էր Արցախին:

Փաստաթղթի 10-րդ կետում նշված է. «Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:

Ի դեպ, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացված համահանրապետական հանրաքվեով հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Փաշինյան Նիկոլը երբ հայտարարում է, թե նախկիները վաղուց են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն լիարժեք չի ասում ճշմարտությունը: Իրականում ճանաչումը եղել է հետևյալ տրամաբանությամբ. մեջբերենք նախագահ Սերժ Սարգսյանի` «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի հետևյալ հատվածը` տարածքային ամբողջականության սկզբունքի մասին․

«Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին և ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից, չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի այս սկզբունքները միմյանց չեն հակասում»։

ՓԱՍՏ 3

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր իշխանության 10 տարիների ընթացքում, տարբեր երկրներից` Ռուսաստանից մինչև Արևմուտք, միջազգային տարբեր հարթակներից, գագաթնաժովներում, հանդիպումներում, միջազգային տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հստակ հայտարարում էր` Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, ու բերում ասվածի պատմական, իրավական, քաղաքական հիմնավորումները: «Ադրբեջանը պե՛տք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը»:

2010-ի դեկտեմբերի 2-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում, Սերժ Սարգսյանն իր ելույթում ասում է. «Լեռնային Ղարաբաղը ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմք»:

Աստանայի գագաթնաժողովում Սերժ Սարագսյանը նաև հանգամանորեն ներակայացրել է արցախահայության կողմից իր անկախության հռչակման իրավական հիմքերը. «Լեռնային Ղարաբաղը 1991 թվականի սեպտեմբերին հռչակեց իր անկախությունը, որին հաջորդեց նույն թվականի դեկտեմբերին կայացած Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն` լիովին համապատասխանելով միջազգային իրավունքի նորմերին և Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Դրան հաջորդած ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորվեցին նաև երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների քաղաքականության և Ինքնորոշված Ղարաբաղի դեմ 1992 թվականին սանձազերծված զինված ագրեսիային ի պատասխան, Լեռնային Ղարաբաղը` չճանաչված, բայց լեգիտիմ պետությունը, ոչնչացման վտանգի առջև կանգնած ժողովրդին փրկելու համար պարտադրված եղավ դիմել ինքնապաշտպանության, ինչը ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին», – ընդգծել է Հայաստանի երրորդ նախագահը: Ի դեպ, Աստանայի գագաթնաժողովին մասնակցում էր նաև Ալիևը:

Հարց Նիկոլին. եթե Սերժ Սարգսյանն արդեն հանձնել էր Արցախը, ինչո՞ւ Ալիևը գագաթնաժողովի ժամանակ ծպտուն չհանեց, չհակադարձեց ՀՀ նախագահին, թե, բա հանձնել եք Ղարաբաղը` ինչի՞ մասին եք խոսում: Արցախը ստացած Ալիևը` նախագահ Սարգսյանի այս խոսքերից հետո կլռե՞ր:

ՓԱՍՏ 4

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո` հոկտեմբերի 7-ին, Ալիևը հայտարարեց, թե փակ դռների հետևում միջազգային հանրությունը ճնշում է գործադրում իր վրա, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը:

 

Հարց Նիկոլին. եթե նախկինները վաղուց հանձնել էին Արցախն Ադրբեջանին, ինչո՞ւ էր Ալիևը նման հայտարարություն հնչեցնում: Այս մասին բազմիցս է ասվել, բայց Փաշինյանը որևէ կերպ չի արձագանքել այս փաստին, փոխարենը շարունակել իր կեղծիքն ու մանիպուլյացիան հրամցնել հայ ժողովրդին:

ՓԱՍՏ 5

Փաշինյանի ստերից մեկն էլ այն է, թե ռուսական առաջարկները չեն պարունակել Արցախի կարգավիճակի հարցը, այլ միակողմանի զիջումներ են պարտադրել Հայաստանին: Սրան էլ 2021-ին արձագանքել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, պարզ ասելով` Նիկոլը ստում է. «Ասել, թե Ռուսաստանը առաջարկել է միայն հենց այնպես վերադարձնել յոթ շրջանները եւ մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։

Պոպովն իր խոսքում հստակ ասում է` համանախագահները, այդ թվում Ռուսաստանը, երբեք Հայաստանից չեն պահանջել զորքերի դուրս բերում ազատագրված տարածքներից` առանց Արցախի կարգավիճակի: Իսկ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը եղել է հետևյալը. ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, ու միայն դրա դիմաց է, որ ՀՀ զորքերը դուրս են գալիս ազատագրված 5 շրջաններից, միջազգային խաղաղապահներ են տեղակայվում այդ տարածքներում, Արցախի Հանրապետությունն իր ներկայությունն է ունենում այն միջազգային կառույցներում, որոնք չեն պահանջում պարտադիր դե յուրե ճանաչում. Լաչինն ու Քարվաճառը մնում են հայկական վերահսկողության տակ, իսկ ԼՂ ժողովուրդը իրավունք է ունենում հանրաքվեով հստակեցնել իր վերջնական կարգավիճակը: Սա լուծում էր, որը տանում էր Արցախի Հանրապետության վերջնական ճանաչման:

Այս ու բազմաթիվ այլ փաստեր վկայում են այն մասին, որ նախկինների օրոք ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, կամ որևէ հայտարարություն չի հնչեցվել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին: Արցախն Ադրբեջանին հանձնածը մեկ մարդ է, ու այդ մարդը այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը զբացեցնող Նիկոլ Փաշինյանն է:

ՀՀ երրորդ նախագահը գերտերություններին հաճախ էր հիշեցնում, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, որ Հայաստանը երբեք հետ չի կանգնելու Արցախի անվտանգության, արցախահայության իրավունքների պաշտպանությունից.

«Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն և ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով»:

2018-ից գլխիվայր փոփոխվեց իրավիճակը` Հայաստանը ձեռքերը լվաց Արցախից:

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանի քաղաքականության հետևանքով Հայաստանը ոչ միայն դադարեց լինել Արցախի Հանրապետության, արցախահայության անվտանգության երաշխավորը, դրանով խախտելով ՀՀ Սահմանդրությունը, այլև դադարել է լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը: Քանիցս Փաշինյանը հայտարարել է, թե մենք չեն կարողանում պաշտպանել մեր անվտանգությունը, այս կերպ մինչև վերջ ծնկելով թշնամու առաջ:

Այսօր խաթարված է և՛ Արցախի, և՛ ՀՀ անվտանգությունը:

Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ Բրյուսելից, որտեղ տեղի էին ունենում եռակողմ բանակցությունները, ստացանք ողբերգական լուրը` Նիկոլը ճանաչել է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը` Արցախով հանդերձ:

Դավաճանը հանձնեց Արցախը:

Դավաճանը հարվածեց Արցախի ու Հայաստանի թիկունքից…

Դավաճանը մեր աչքի առաջ փոշիացրեց 30 տարիների արցախյան ազգային ազատագրական պայքարի հաղթական արդյունքները,

Սակայն 3 տասնամյակ առաջ Արցախն ի՛նքն է կայացրեց ինքնորոշման որոշումը: Հետևաբար, նիկոլներն ու սրա նման թրքամետ մանկլավիկներն իրավունք չունե՛ն արցախցու փոխարեն որոշել Արցախի ճակատագիրը:

Կարինե Գրիգորյան