Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը լրացել է, դատարանն ապօրինի կերպով նրան պահում է անազատության մեջ․ պաշտպան
«Հենց հիմա դատական նիստերի դահլիճում դատավոր Գրիգորյանը հանցագործություն է կատարում։ Մեր կողմից փորձ կատարվեց կանխել այդ հանցագործությունը, վերջինս որոշեց, որ այդ հանցագործությունից թաքնվելու միակ տարբերակը ինձ վարույթից հեռացնելն է»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։
Նա մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փակ նիստի ընթացքում. «Գրիգորի Խաչատուրովը ժամը 16։45-ից հանդիսանում է ազատ մարդ, այսինքն կալանքի որոշման ժամկետը լրացել է, դատարանն ապօրինի կերպով մարդուն պահում է անազատության մեջ այն պարագայում, երբ կալանքի վերաբերյալ դատարանի որոշում առկա չէ։
Այսինքն, հենց հիմա անձն ազատ քաղաքացի է հանդիսանում, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրված չէ, դատարանին դրա կապակցությամբ մատնանշում կատարելուց հետո և պահանջելով, որպեսզի դատարանն ազատ արձակի և ոստիկաններին դուրս հրավիրի դատական նիստերի դահլիճից, դատարանը որոշեց, որ Գրիգորի Խաչատուրովն այս պահին ևս կալանքի տակ է առանց դատարանի որոշման։ Անձին ապօրինի արգելանքի տակ պահելը կլասիկ հանցագործություն է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքով»,- ասաց փաստաբանը։
Նա հայտարարեց, որ այս պարագայում Գրիգորի Խաչատուրովը դատավոր Գրիգորյանի մոտ գտնվում է պատանդի կարգավիճակում, որովհետև գոյություն չունի դատական որոշում, որով նրան կարող են պահել կալանքի տակ և այդ գործողությունները բարձրաձայնելու հետևանքով իրեն դատական նիստերի վարույթից հեռացրել են առանց պատճառաբանելու, թե ինչ կարգապահական խախտում եմ թույլ տվել։