Ստեփանակերտի բնակչի քարտից առանց իր իմացության 200 հազար դրամ է փոխանցվել բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին

Մայիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի 38-ամյա բնակիչ Ա. Ս.-ի դիմումն այն մասին, որ «Արարատբանկ» ՓԲ ընկերությունում բացված իր աշխատավարձի ստացման քարտից, մայիսի 10-ին առանց իր իմացության, 200. 000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Totogaming» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ դրա արդյունքում քաղաքացուն պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

ՆԳ նախարարության ոստիկանությունը զգուշացնում է, որ վերջին շրջանում կտրուկ աճել է համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարվող հանցագործությունները։

Կարևոր է օնլայն հարթակում հասանելիություն չտալ բանկային քարտի տվյալներին, էլ․փոստին, ինչպես նաև երբեք չտրամադրել հեռախոսահամարին եկած ստուգիչ կոդը։