Ադրբեջանը ոչնչացրել է բռնազավթված Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Ահազանգում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը։

Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Ստեփանակերտի հերոսների պանթեոնը։ Այս մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։