Շրջափակման հետևանքով մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը ընթացքում նվազել են շուրջ 200 անգամ. ՄԻՊ

Նախքան Ադրբեջանի կողմից շրջափակումը Ստեփանակերտ-Գորիս մայրուղով երկկողմանիորեն անցնում էր օրական միջինը շուրջ 2,450 մարդ, ինչը նշանակում է, որ սովորական պայմաններում այս 150 օրվա ընթացքում պետք է մարդկանց տեղաշարժը լիներ շուրջ 367,500 մուտք և ելք:

Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝  մայիսի 11-ին հրապարակած արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակում՝  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ:

«Այնինչ նշված ժամանակահատվածում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների միջոցով երկկողմանիորեն տեղափոխվել է 1,839 մարդ (1,124-ը՝ բաժանված ընտանիքների անդամներ, իսկ 715-ը՝ հիվանդներ և ուղեկցող անձինք): Դա նշանակում է, որ շրջափակման հետևանքով մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 200 անգամ»,-ասված է ՄԻՊ-ի արտահերթ զեկույցում՝ ընդգծելով, որ նույնիսկ այդ պայմաններում երբեմն խնդիրներ են առաջանում նաև ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի կողմից մարդկանց տեղափոխումների հետ կապված: Նման դեպքերից մեկը արձանագրվել է ապրիլի 4-ին, երբ Հայաստանի Գորիս քաղաքից Արցախի 27 քաղաքացու ռուս խաղաղապահները փորձել են տեղափոխել Ստեփանակերտ, սակայն ճանապարհի արգելափակման հատվածում ադրբեջանական կողմը արգելել է նրանց մուտքը: Հինգ ժամ տևած բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել, ավելին՝ սպասող անձանց հոգեբանական ահաբեկումը հանգեցրել է չորս կանանց ինքնազգացողության վատթարացման, որոնցից երեքի՝ ուշագնացության, ինչի հետևանքով նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն, իսկ մնացած 23-ը ստիպված վերադարձել են Գորիս: