Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փորձում է մեղքն ու պատասխանատվությունը վանել իրենից և գլխավոր շտաբի պետից, գտնել քավության նոխազներ. 3
Սկիզբը` այստեղ
Շատերն են նշում, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ ապրիլի 11-ի միջադեպը և զոհերը (4 զոհ, 6 վիրավոր, որոնցից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր) կարող էին չլինել: «Սիվիլնեթ»-ին ապրիլի 14-ին տված հարցազրույցում Հայաստանի «Անվտանգության խորհուրդ» կոչվածի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանն անդրադառնալով տվյալ դիտարկմանը, ասել է.
«Այս միջադեպը տեղի ունեցավ, որովհետև Ադրբեջանը պրովոկացիա է արել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում»:
Պատասխանելով ապրիլի 11-ի միջադեպին նախորդած՝ մարտի 30-ի միջադեպի վերաբերյալ հարցին, որ նախապես իմանալով, որ այնտեղ (Տեղ գյուղի մոտ և Կոռնիձոր- Տեղ երթուղու հատվածում) պետք է այդ փոփոխությունները լինեին, որ այնտեղ պետք կանգնեին հայ սահմանապահները, ինչպե՞ս է եղել, որ իրենց (Ադրբեջանի) սահմանապահները եկել, ավելի շուտ են դիրքավորվել և կանգնել Հայաստանի տարածքում, և մենք դա հետո ենք իմացել, Գրիգորյանը բառացի և տառացի ասել է հետևյալը.
«Ընդհանուր առմամբ, բնականաբար, նախապես բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, քննարկվել են բոլոր հարցերը, որոնք այս պահին գոյություն ունեն, և որոշումներ է կայացվել, և այդ որոշումներին համապատասխան պետք է գործողություններ իրականացվեր: Գործողությունների իրականացման ընթացքում նաև եղել են նախնական պայմանավորվածություններ ադրբեջանական կողմի հետ, թե ինչպես ենք կազմակերպելու: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր պայմանավորվածությունների մեծ մասը խախտել է, և այդ պայմանավորվածությունների խախտման պատճառով առաջացել է իրավիճակը»:
ԱԽՔ-ի խոստովանություններն ու Նիկոլի ինքնախոստովանական ցուցմունքը
Արմեն Գրիգորյանն իր վերը մեջբերված հայտարարություններով, գուցե և չգիտակցելով, ակամա, խոստովանել է, որ թե՛ մարտի 30-ին Հայաստանի տարածքային կորստի, տարածքային ամբողջականության խախտման, թե՛ ապրիլի 11-ին վերոնշյալ զոհերի և, ընդհանրապես, կատարվածի պատասխանատվությունն Ադրբեջանից բացի և Ադրբեջանից առաջ, Նիկոլի և իրենց՝ նիկոլենց, Նիկոլի իշխանության վրա է, քանի որ թշնամու հետ, այն էլ ՝ Ադրբեջանի պես նենգ, թուրքաբարո, ուխտադրուժ և իր ուխտադրուժ լինելը նախկինում բազմիցս ապացուցած թշնամու հետ չէր կարելի պայմանավորվել, գնալ ինչ-ինչ պայմանավորվածությունների ձեռքբերման՝ առավել ևս, երբ նախապես քաջ հայտնի էր, որ Ադրբեջանը խախտելու է պայմանավորվածությունները:
Իսկ այն, որ Ադրբեջանը բոլոր պայմանավորվածությունները կամ դրանց թեկուզ, ԱԽՔ-ի ասելով, «մեծ մասը» խախտելու էր (իսկ, հետաքրքիր է, Ադրբեջանը ո՞ր պայմանավորվածությունները չի խախտել, ԱԽՔ-ը կարո՞ղ է պատասխանել այս հարցին…), և դա իրեն և իրենց՝ Նիկոլի իշխանությանը, նախապես հայտնի էր, Գրիգորյանը դարձյալ հենց ինքն է խոստովանել՝ հայտարարելով, որ «Բնականաբար, Ադրբեջանը բոլոր պայմանավորվածությունների մեծ մասը խախտել է» (ընդգծումը՝ մերը): Ինչո՞ւ՝ բնականաբար… ԱԽՔ-ն այսպիսով ասել է, որ Ադրբեջանն այլ կերպ չէր կարող վարվել, որ նրանից սպասելի էր պայմանավորվածությունների խախտումը, ինչն էլ իրենց նախապես հայտնի էր:
Ավելին. որ Ադրբեջանն ուխտադրուժ էր լինելու, խախտելու էր պայմանավորվածությունները, ինչը նախապես, մինչև Տեղ գյուղի մոտ ապրիլի 11-ի և մարտի 30-ի (մարտի 29-ի, լույս 30-ի գիշերվա) միջադեպերը, քաջ հայտնի է եղել Նիկոլին ու նիկոլենց, վերոնշյալ հարցազրույցից 2 առաջ, ապրիլի 12-ին «Ազգային ժողով» կոչվածում խոստովանել է հենց Նիկոլը՝ հայտարարելով բառացի հետևյալը.
«Էն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ, կարծում եմ, էդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա: Բայց մենք չէինք էլ կարող հույս ունենալ հակառակի, և այդ սցենարը նույնպես կանխատեսվել է…»:
Նիկոլի վերը մեջբերված հայտարարությունն արդեն իսկ կարելի է համարել նրա կողմից տրված ինքնախոստովանական ցուցմունք: Ընդգծում ենք, որ Նիկոլի և նիկոլենց պատասխանատվությունը ոչ միայն քաղաքական է, այլև իրավական, ավելի որոշակի՝ քրեական: Ընդ որում, պատասխանատվությունը միայն բառերով չի լինելու…
Կատարվածը ոչ թե Նիկոլի ու նիկոլենց կողմից բացթողում, վրիպում, թերացում է, այլ ծանրագույն հանցանք, որը փորձում են կոծկել
Նկատի ունենալով վերը շարադրվածը, կատարվածը գնահատել ոչ թե որպես Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի և պատկան այլ մարմինների համապատասխան պաշտոնյաների, ինչպես նաև հենց Նիկոլի կողմից բացթողում, վրիպում, թերացում, այլ ծանրագույն հանցանք, որի հետևանքով թշնամին մարտի 30-ին Տեղի մոտ, առանց զինված դիմադրության հանդիպելու, նույնիսկ պաշտոնական գնահատականների համաձայն, 100- 300 մետր (ոչ պաշտոնական գնահատականներով՝ շատ ավելին) ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, խախտել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ ապրիլի 11-ին սպանել ու վիրավորել Հայաստանի ԶՈւ բազմաթիվ զինծառայողների:
«Ազգային ժողով» կոչվածում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ապրիլի 13-ին փակ հանդիպման ժամանակ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է, որ Տեղ գյուղի մոտ տեղի ունեցածը հայկական կողմի բացթողման հետևանք է:
Ասրյանն այսպիսով փորձել է կատարված հանցանքը բացթողում ներկայացնել: Հաջորդ օրը՝ ապրիլի 14-ին, «Սիվիլնեթ»-ին տված վերոնշյալ հարցազրույցում Արմեն Գրիգորյանն էլ, իր հերթին, Տեղի մոտ ապրիլի 30-ին կատարվածն է փորձել ներկայացնել իբրև իրենց կողմից թույլ տրված բացթողումներ.
Հիմա նաև հետաքննություն է կատարվում, որպեսզի հասկանանք, թե ինչն է եղել մեր կողմից այն բացթողումները, որոնք հանգեցրել են սրան, բայց հիմնական պատճառներից մեկը դա է, որ Ադրբեջանը պայմանավորվածություններ է խախտել և նման իրավիճակ է ստեղծվել»,- բառացի և տառացի ասել է ԱԽՔ-ը:
«Ազգային ժողով» կոչվածում իր վերոնշյալ ելույթի ընթացքում Նիկոլը նույնպես փորձել է կատարվածի բուն էությունը պարտակել և հանցանքը ներկայացնել իբրև զանցանք կամ կարգապահական խախտում, որին պետք է հետևեն «վարչական, որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ»:
Ի՞նչ բացթողում… Ի՞նչ վարչական, կարգապահական հետևանքներ… Այսպիսով այդ ո՞ւմ են ծաղրում, հայերի՞ս… ՊԱՏԺՎԵԼՈ՛ւ ԵՆ:
Փաստերը հուշում են, որ պետական դավաճանության, դավադրության հետևանքով է, որ Հայաստանը հերթական անգամ կորցրել է տարածքներ ու տվել զոհեր:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան