ԱՀ նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի հարցերի բաժնի նախաձեռնությամբ ինտերակտիվ հանդիպում է կայացել
Այսօր՝ ապրիլի 18-ին, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի հարցերի բաժինը Ստեփանակերտի պատկերասրահի հետ համագործակցությամբ կազմակերպել է ինտերակտիվ հանդիպում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ու Ռուսական համայնքի «Կիրակնօրյա դպրոցի» սաների մասնակցությամբ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկը ռուսական դասական երաժշտության կատարմամբ ազդարարել են Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները։
«Հիմք ընդունելով այն փաստը, որ ռուսաց լեզուն Արցախում երկրորդ պաշտոնական լեզուն է, նման ինտերակտիվ հանդիպումների միջոցով մենք փորձում ենք զարգացնել սաների ռուսերենն ու ռուսական մշակույթի իմացությունը։ Կազմակերպված ինտելեկտուալ խաղի ընթացքում նրանք ցույց են տվել իրենց գիտելիքները եւ կոլեկտիվ աշխատելու ունակությունները: Խաղի թեման ռուսական հեքիաթներն էին»,-մեզ հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ Լաուրա Բախշիյանը: Ինտելեկտուալ խաղի մասնակից բոլոր երեխաները պարգևատրվել են գրքերով, իսկ պատկերասրահի տնօրինությանը ակտիվ համագործակցության համար հանձնվել է շնորհակալագիր: