Սերժ Սարգսյանի օրոք հավքն իր թևով, օձն իր պորտով չէր հատի ՀՀ սահմանը, Նիկոլն ինքն է «էստի համեցեք» անում ադրբեջանցի դիվերսանտներին

Վերջերս ադրբեջանցի դիվերսանտների ներխուժումը Նախիջևանի կողմից ՀՀ տարածք՝ մասնավորապես Սիսիան համայնք, լրջորեն մտածելու տեղիք տվեց առ այն, որ հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանցի զինվորականները կամ մահապարտները կարող են թակել նաև երևանաբնակներիս դուռը, իսկ իրավասու կառույցներն այդպես էլ չեն իմանա ներխուժման մասին, ինչպես այս դեպքում էր։ Ադրբեջանական զինվորական հագուստով մարդկանց ՀՀ տարածքում հայտնվելու մասին առաջինը ահազանգել են Սիսիանի բնակիչները, մինչդեռ սահմանը հատելու ժամանակ պետք է ՊՆ-ի, ԱԱԾ-ի աշխատակիցները տեղեկացված լինեին այդ մասին։ Ավելին՝ նրանք անգամ չգիտեին և մինչ օրս էլ չեն հստակեցրել, թե քանի դիվերսանտ է հատել Հայաստանի սահմանը։ Հիշեցնենք, որ երկրորդ դիվերսանտը երեք օր շարունակ ազատորեն ու անխափան շրջել է ՀՀ բնակավայրերով զինվորականների, ԱԱԾ-ի, ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների քթի տակ, Սիսիանից հասել Կապան, հասցրել սպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ Հայրապետ Մելիքսեթյանին, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ է աշխատել, և միայն երջանիկ պատահականությամբ կապանցի երկու երիտասարդներ կարողացել են նույնականացնել նրան՝ կասկածելով, որ ադրբեջանական զինվորական հագուստով է ու ոստիկանների են կանչել։ Եթե չլինեին այդ երիտասարդները, ի՞նչն էր խանգարելու թշնամու մարդասպանին հասնել Երևան, ճանապարհին նոր սպանություններ գործել, մայրաքաղաքում էլ նորից սպանություն անել։ Չէ՞ որ իր ուղիղ եթերում նա զգուշացրել էր մեզ՝ հայերիս, որ 400-500 հայի գլուխ է կտրելու՝ դա ներկայացնելով որպես արդեն կատարված իրողություն։

Փաշինյանն ամեն գնով փորձում էր արդարացնել նրանց՝ մեկ որպես մոլորվածներ ներկայացնելով, մեկ որպես Հայաստանում ապաստան խնդրած հալածյալ ադրբեջանցիներ, որոնցից մեկն իբրև իր զորամասում միջանձնային խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ և որոշել է փախչել ու գալ Հայաստան, որպեսզի խոշտանգումների չենթարկվի։ Հիմա էլ որևէ բան չի խոսում իր երկրի քաղաքացուն սպանելու մասին՝ թերևս նրա համար որևէ համոզիչ արդարացում մտմտալով։ Ի դեպ, արդեն իսկ փորձ է արվում մարդասպանի արարքը վերագրել ինքնապաշտպանությանը՝ տեղեկություններ տարածելով, թե իբրև ԶՊՄԿ պահնորդի սպանությունից հետո կոմբինատի պահնորդների համազգեստը փոխելու որոշում է կայացվել, քանի որ պահնորդները հատուկ հագուստ են կրել՝ Պակիստանի արտադրության, որը զինվորական համազգեստի է նման։ Կոմբինատի ղեկավարությունը ենթադրել է, որ հնարավոր է ադրբեջանցին կարծել է, թե զորամասի կամ բանակի դիրք է դիմացը, դրա համար էլ կրակել է պահնորդի վրա՝ ինքնապաշտպանության նպատակով։ Ուշագրավ է, որ դատախազությունը երեկ հայտնել է, որ Հայաստան թափանցած ադրբեջանցիներից որևէ մեկին պահնորդի սպանության համար մեղադրանք չի առաջադրվել։ Այնինչ սպանության հաջորդ օրը, երբ դիվերսանտի մոտ հայտնաբերվեց սպանվածի հեռախոսը, անգամ քպ-ական պաշտոնյաններն էին հաստատում, որ հենց թշնամու զինվորի ձեռքով է սպանվել Հայրապետ Մելիքսեթյանը։ Քպ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն ինքն է Հ1-ի եթերում հաստատել, որ «Ինքն է արել, այո՛»։ Իսկ ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստից հետո կայացած ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ սահմանախախտ ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ:

Իզուր չէր Փաշինյանը զգուշացնում իր ղեկավարած երկրի քաղաքացիներին, որ չի երաշխավորում նրանց անվտանգությունը։ Այն ժամանակ կմտածեի՞նք, թե ինչ նկատի ունի Փաշինյանը այդ նախադասությունն արտաբերելով։ Հիմա առավել քան ակնայտ է նրա ասածի իմաստը, պատերազմի վտանգից զատ մենք ենթարկված ենք նաև ադրբեջանական դիվերսիոն հարձակումների, քանի որ որևէ մեկը չի պատրաստվում վնասազերծել նրանց մինչև բնակավայրեր մուտք գործելը։ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար երբևէ նման ձևով չի ահաբեկել իր ժողովրդին, և եթե Նիկոլի բոլոր մեղքերի համար քավության նոխազ դարձած նախկինների՝ Սերժ Սարգսյանի և նրա իշխանության ղեկավարման ժամանակաշրջանը հիշենք, ապա ո՞վ կարող էր հատել հայ-ադրբեջանական սահմանը՝ ՀՀ իշխանության ղեկավարի բարձր հովանավորությունը և հոգատարությունը վայելելով, առավել ևս աննկատ մուտք գործել բնակավայրեր, դռներ թակել, ինքնահյուրասիրվել։ Եթե հիշում եք, սա Փաշինյանի՝ ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ առաջին հոգատար վերաբերմունքի դրսևորման դեպքը չէ։

44-օրյա պատերազմից հետո Հադրութ քաղաք ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտները, որոնք սպանել էին Հադրութի երկու բնակչի՝ մորը և նրա հաշմանդամ որդուն, Նիկոլի կառավարության կողմից հանձնվեցին Ադրբեջանին՝ առանց որևէ նախապայմանի։ Այսինքն՝ նրանց փոխարեն անգամ ռազմագերիների վերադարձի պայման չէր դրվել Բաքվի առաջ։ Ի հակադրումն դրա՝ դեռ 2014 թվականի հունիսին կազմակերպված հանցավոր խմբով անօրինական ԼՂՀ պետական սահմանը Քարվաճառի ուղղությամբ հատած ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները, որոնք առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Ցականյանին, նույն հանցավոր խմբով սպանել էին Երևանի բնակիչ, զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանին և ծանր վիրավորել Կարինե Դավթյանին՝ նրան պատճառելով հրազենային վնասվածքներ, կանգնեցին դատարանի առաջ ու դատապարտվեցին ցմահ ու 22 տարվա ազատազրկման։ Ի դեպ, դիվերսիոն-հետախուզական խումբը վնասազերծվել էր ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողության արդյունքում, և ոչ թե խաղաղ քաղաքացիների, այն էլ անչափահասների պատահական հանդիպման արդյունքում։ Ահա թե ինչպես էին աշխատում Սերժ Սարգսյանի ղեկավարած Զինված ուժերը՝ բարձր զգոնությամբ ու կազմակերպվածությամբ, պրոֆեսիոնալ։ Դիվերսիոն խմբի ղեկավարն ու անդամների մի մասը ձերբակալվել էին, մյուսները՝ ոչնչացվել հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից, և փաստորեն նրանց հետախուզական առաքելությունը ձախողվել էր, խմբի հավաքած տեղեկությունները հայտնաբերվել էին ու դրանց փոխանցումը Բաքվին կանխվել էր։ Իսկ Նիկոլի իշխանությունն անգամ չգիտի, թե ինչ նպատակով էին ադրբեջանցի զինվորականները սողոսկել մեր տարածք, ինչ քայլեր են իրականացրել։ Սերժ Սարգսյանի կառավարության օրոք դատապարտված այս հանցագործները, ի դեպ, Նիկոլի թեթև ձեռքով իբրև ռազմագերիներ վերադարձվեցին Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմից հետո ռազմագերիների փոխանակման ծրագրով։

Թագուհի Ասլանյան