Զանգերին չեն պատասխանում. ԱՄՆ-ում հայտարարել են, որ Չինաստանն անտեսում է Պենտագոնի հեռախոսազանգերը

Չինաստանը չի ձգտում վերականգնել ռազմական շփումները Միացյալ Նահանգների հետ, ասել է Պենտագոնի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը։

«Իրականությունն այն է, որ ՉԺՀ-ում չեն վերցնում ընկալուչը, երբ մենք զանգահարում ենք նրանց։ Չինաստանի հետ կապի դուրս գալու մեր փորձերը հիմնականում անտեսվել են», – Քալի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա կարծիքով՝ Պեկինը քաղաքական կամք չունի Վաշինգտոնի հետ շփվելու համար։

Չինաստանը կփորձի ընդլայնել իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզում ի վնաս ԱՄՆ-ի և նրա գործընկերների, եթե ամերիկյան վարչակազմը կանխարգելիչ քայլեր չձեռնարկի, նշել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը Foreign Policy-ի կազմակերպած առցանց ելույթի ժամանակ:

Politico պարբերականի տվյալներով՝ Պեկինը սառեցրել է Վաշինգտոնի հետ բարձր մակարդակի երկկողմ դիվանագիտական շփումները չինական օդապարիկի հետ փետրվարյան միջադեպից հետո: