Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Պոկում վարժությունում Սահակյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 140, ապա 145 կգ կշռող ծանրաձողերը: Երրորդ մոտեցումը, որի համար Սահակյանը 147 էր պատվիրել և կարող էր ռեկորդ սահմանել, հայ ծանրորդը չի կարողացել հաջող կատարել:

Հրում վարժությունում Սահակյանը երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահել է 170 և 175 կշռող ծանրաձողերն ու անհասանելի դարձել մրցակիցների համար:

Այս քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալին արժանացել է Իսպանիայի ներկայացուցիչ Խուան Էրնանդեսը՝ 305 կգ արդյունքով, լավագույն եռյակը եզրափակել է Թուրքիայի ներկայացուցիչ Կաան Կահրամանը՝ 301 կգ արդյունքով: