Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան

«Բաքվի բռնապետի լկտի և հանդուգն վարքագծի ֆոնին Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան, որոնք դուրս սպրդեցին հատկապես նախիջևանյան կլանի ներկայացուցիչ, հակաիրանական դիրքորոշումներով հայտնի, պատգամավոր Ֆազիլ Մուսաֆայի վրա կրակոցներով,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:- Մինչ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան դեռևս բազմաթիվ հարցականներ ունեցող այս մահափորձի առիթն օգտագործելով, մեղադրանքների սլաքը փորձում է ուղել դեպի Իրան և Թեհրանի օգտին, իբր, լրտեսության մեղադրանքներով սկսված հիմնականում շիա հավատացյալների ձերբակալությունների ալիքին նոր թափ հաղորդել, արհեստածին Ադրբեջանում կրկին ակտիվացել է թաթական գործոնը։

Եթե մի քանի տարի առաջ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հայտարարում էր, որ, ակտիվ բռնաճնշումներով և ձերբակալություններով, իբր, չեզոքացված է «Շիրվանի ազատագրության ճակատ» թաթական կազմակերպության գործունեությունն ընդհանրապես, ապա այժմ այդ կառույցը կրկին որոշակի ակտիվություն է ցուցաբերում։

Մյուս կողմից նկատվել է ևս մեկ հետաքրքիր զարգացում. Ապշերոնի թաթաբնակ ավաններից Միլլի Մեջլիսի պատգամավորության նախկին թեկնածու Զարիֆա Հուսեյնովան հենց Ֆազիլ Մուսաֆայի դեմ մահափորձի համատեքստում խոսել է արհեստածին Ադրբեջանում թաթ ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության և  բնիկ թաթական տարածք Ապշերոնյան թերակղզու էթնիկական պատկերի անօրինական փոփոխության ու նավթագազային ռեսուրսների անխնա կողոպուտի մասին։

Այնպես որ իրավիճակը շատ դինամիկ զարգանում է, և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում»։