Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ․ Փաշինյան

Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես տեղյակ եք՝ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի ու  ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ  երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։ Նախօրեին մենք ադրբեջանական կողմին տեղեկացրել ենք, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով ու որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։ Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանի այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվել են տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես հերթական «բլոկբաստեր»։

«Այս մոտեցումը կառուցողական չէ։ Կրկնում եմ՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել այն տարբերութամբ, որ մենք մտադիր ենք  խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով։ Այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է՝  նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ-ի ստորաբաժանումները դուրս են գալու, նրանց  փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերը, առաջարկել ենք Ադրբեջանին, որ նույնը իրենց կողմից տեղի ունենա: Հույս ունեմ, որ գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»,- ասաց վարչապետը։