Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները Լաչինի միջանցքի արգելափակման մասին համատեղ հայտարարություն են տարածել

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ:

Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Միջանցքը տարածաշրջանի տեղական բնակչության համար կենսական նշանակության կարևոր ճանապարհ է: Հոսանքի հաճախակի անջատումների և էլեկտրականության ու գազի բացակայության պատճառով հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում օրեցօր վատթարանում է: Բացի դրանից՝ ժողովուրդը կենսական իրերի կարիք ունի` դեղորայք և բժշկական օգնություն, սնունդ և վառելիք»,- նշել է խորհրդարանական խումբը համատեղ հայտարարարության մեջ:

Հայտարարությամբ խմբի անդամները կոչ են արել շահագրգիռ կողմերին՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` տարածաշրջանում կայունության և զարգացման ապահովմանն աջակցելու նպատակով:

«Արգելափակումը շարունակում է վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա: Մենք խորապես հավատում ենք, որ հումանիտար հարցերի կարգավորումը, տեղաշարժման ազատությունը և միջանցքի անվտանգությունն ունեն չափազանց կարևոր նշանակություն` առաջընթացի ապահովման համար»,- հայտարարել են խմբի անդամները:

Հայտարարությունը ստորագրել են խորհրդարանական խմբի նախագահ Ռայվո Տամը և անդամներ Մատի Ռայդման, Միհայիլ Լոտմանը, Տարմո Կրուուսիմեն և Լեո Կունասը: