Ակնկալում ենք կոնկրետ պայմանավորվածություններ Ադրբեջանից Նախիջևան երկաթուղու օգտագործման վերաբերյալ

Մենք այսօր խոսել ենք Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանն ուղղված բանակցային գործընթացի ընթացքի մասին։ Այս մասին Բաքվում փետրվարի 28-ին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ակնկալում ենք, որ մոտ ապագայում Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները՝ որպես համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի և Նախիջևանի հիմնական տարածքի միջև երկաթուղային երթուղու օգտագործման վերսկսման վերաբերյալ»,- նշել է նա։