Մենք կանգնած ենք շատ լուրջ փոփոխությունների առջև. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Արցախի անկախությունը գալիս է առաջին հերթին ոչ միայն միջազգային կազմակերպություններից, այլև մեր ցանկությունից: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցկացվող «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին Արցախից տեսակապով հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ես վերջին վեց ամիսն Արցախում եմ և կարող եմ վստահեցնել, որ արցախցիների մեծամասնությունն այդպես է մտածում, իրենք չեն տեսնում իրենց ոչ մի ուրիշ տարբերակում, բացի անկախ լինելուց: Մյուս կողմից մենք ունենք խնդիր, մարդիկ կորցրել են իրենց հավատն իրենց նկատմամբ, դեպի ղեկավարությունը, դեպի ապագան։ Կարծում եմ՝ մենք կանգնած ենք շատ լուրջ զոհողությունների առջև, ինչպես 88 թվականին, երբ սկսկեց շարժումը, մենք ոչ միայն քննարկում էինք Արցախի անկախության հարցը, այլև մեր արժեքները, մեր սկզբունքները՝ ո՞վ է հայը, ինչի՞ է պատրաստ, ինչի՞ն պատրաստ չէ։ Սրանք կարևոր հարցեր են, որոնց առանց պատասխանելու դժվար կլինի հետագա ընթացքը»,-ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում ամենակարևոր հարցն Արցախի անկախությունն է, ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

«Մենք մեր որոշումն արդեն շատ վաղուց կայացրել ենք։ Այս ճանապարհը կարող ենք անցնել, բոլոր դժվարությունները կարող ենք հաղթահարել մի դեպքում, երբ այդ ամենակարևոր գործն անենք ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե։ Ես ունեմ խորքային հիմքեր ասելու, որ Արցախը մնալու է հայկական, Արցախը չի հանձնվելու, մյուս կողմից ես տեսնում եմ այն հիվանդությունները, որոնք ունենք մեր մեջ, մենք չենք հասկանում, որ ապրելով ամենօրյա կյանքով՝ չենք կարող առաջ գնալ։ Արցախի շուրջ մենք բոլորս պետք է միավորվենք, իրավունք չունենք այն կորցնել։ 88-ին մարդիկ և հավատ ունեին, և պատրաստ էին իրենց օրվա 24 ժամը նվիրել հանուն Արցախի պայքարին»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ Արցախը կանգնած է շատ լուրջ փոփոխությունների առջև. «Ինչպես 1988 թվականին Արցախում երբ սկսեց շարժումը, մենք ոչ թե միայն քննարկում էինք Արցախի անկախության հարցը, այլ քննարկում էինք մեր արժեքները, մեր սկբունքները, ինչին ենք պատրաստ, ինչին՝ ոչ: Այդպես է ստացվել, որ մենք ունենք անկախ Հայաստան, Սփյուռք, ունենք Արցախում ապրող 120 հազար հայ, որոնք ուզում են միանալ Հայաստանին, բայց միաժամանակ ունենք խնդիր, որ այս իրավիճակում առաջին քայլը, որը պետք է անենք, դա Արցախի անկախությունը և ինքնորոշման ճանապարհը վերջացնելն է: Վստահ եմ, որ այս դժվարությունները կարող ենք հաղթահարել միայն մեկ դեպքում, եթե այդ գործն անենք ամեն օր և դա լինի մեր համար ամենակարևոր գործը: Այն մարդիկ, որոնք վստահ են, որ սա հայկական ամենակարևոր հարցերից մեկն է: Տեսնում եմ այն հիվանդությունները, որոնք ունենք մեր մեջ, և առաջին թշնամին մենք ենք, մենք, որ չենք հասկանում, որ ամենօրյա կյանքով ապրելով, չի ստացվելու փոխել այն, ինչը պետք է փոխենք»:

Մանրամասները՝ տեսանյութում