Ինչպես Նիկոլը, Վահագն Խաչատուրյանը նույնպես լծված է Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակցից թշնամու վերափոխելու գործին

Եվ հասարակության գիտակցությունը մանիպուլացնելով

 

Իբր Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դեմ ուղղված, նրան վատաբանող, անվստահելի դաշնակից համարող, վարկաբեկող կամ վարկաբեկել փորձող, հանրային գիտակցությունը մանիպուլացնելով, հայության հնարավորինս մեծ մասին Ռուսաստանի դեմ տրամադրող Նիկոլի ու նրա շրջապատի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները քիչ էին, Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը նույնպես լծվել է հանրային գիտակցությունը մանիպուլացնելու և Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակցից աստիճանաբար թշնամու վերափոխելու, ՀԱՊԿ-ից ՆԱՏՕ թեքելու գործին:

Ընդ որում, վերլուծելով Խաչատուրյանի հայտարարությունները, դժվար է չնկատել, որ նա, ինչպես Նիկոլը, վերոնշյալի առումով բավական նուրբ քաղաքականություն է վարում՝ փորձելով արտաքուստ թողնել անաչառ, օբյեկտիվ քաղաքական գործչի տպավորություն: Ահավասիկ…

Ռուսաստանի թունդ թշնամիներից մեկի՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ Էստոնիայի նախագահի հրավերով այցելելով Էստոնիա, երեկ՝ հունվարի 16-ին, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո անդրադառնալով տրված նպատակային ու նենգ հարցին, թե Հայաստանն արդյոք կարո՞ղ է վստահել Ռուսաստանին որպես անվտանգության երաշխավորի, Խաչատուրյանը մի կողմից ասել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են, և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, սակայն մյուս կողմից անմիջապես ավելացրել, որ վերջին շրջանում խնդիրներ կան, հատկապես անցյալ տարվա սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո։

Մի պահ նույնիսկ ընդունենք, թե իսկապես խնդիրներ կան, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է Խաչատուրյանն այդ մասին հայտարարում ՌԴ-ին թշնամի պետությանը, այդ պետության գրկում և ի լուր նաև Ռուսաստանի մյուս թշնամիների…

«Մինչ այդ եթե Ադրբեջանը որևէ ռազմական գործողություններ էր անում Ղարաբաղում, մենք չէինք կարող դիմել որևէ երկրի, նկատի ունեմ` ոչ Ռուսաստանին, ոչ ՀԱՊԿ անդամներին, քանի որ ՀՀ տարածքում չէր, բայց սեպտեմբերի 13-ին կոնկրետ ՀՀ տարածքի վրա էր հարձակումը` 3 տարածաշրջաններում և տարբեր ուղղություններով 5-7 կմ առաջխաղացում է ունեցել Ադրբեջանը,- ասել է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողը:- Սա այն դեպքն էր, որ և ՀԱՊԿ անդամ երկրները, և Ռուսաստանը մեզ պետք է ռազմական օգնություն ցուցաբերեին, մենք ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ։ Ոչ մեկը, ոչ մյուսը չեն եղել մինչև հիմա»։

Այս հայտարարությունից հետո, բնականաբար, մի շարք հարցեր են առաջանում.

  1. Իսկ Ռուսաստանն ինչո՞ւ պետք է մեզ ռազմական օգնություն ցուցաբերեր, երբ Հայաստանը ՌԴ-ին չի դիմել այդ օգնությունը ստանալու համար անհրաժեշտ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բերեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի  3-րդ հոդվածով:

Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Խաչատուրյանը պարտավոր էր վերոնշյալի մասին իմանալ, չէր կարող չիմանալ, հետևաբար Ռուսաստանի հասցեին նրա այս հանիրավի մեղադրանքը քաղաքական նենգ նպատակներ ունի:

  1. Խաչատուրյանը տեղյակ չէ՞ր, որ Հայաստանը 2022թ. սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ-ին նշված կազմակերպության պայմանագրի համապատասխան՝ 4-րդ հոդվածով դիմել է բավական ուշացումով, Հայաստանի «Անվտանգության խորհուրդ» կոչվածի նիստից հետո, և երբ ՀԱՊԿ-ն դիմումն արդեն ստացել էր, մինչ կհասցներ Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերել, Ադրբեջանը ժամը 20:00-ի կողմ իր ռազմական գործողությունները խորամանկորեն արդեն դադարեցրել էր:

Զբաղեցնելով Հայաստանի նախագահի պաշտոնը, չէր կարող տեղյակ չլինել: Ճիշտ է, այս դեպքում կարող է հարց առաջանալ, թե, թեկուզ ռազմական գործողությունների դադարեցված լինելուն, ՀԱՊԿ-ն ինչո՞ւ Հայաստանին ռազմական օգնություն չի ցուցաբերել, չի եկել և Ադրբեջանի զորախմբերից ազատագրել Հայաստանի օկուպացված տարածքները, վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց հենց այստեղ էլ ձևակերպենք հաջորդ հարցը.

  1. Իսկ ինչո՞ւ այդ նույնը չեն արել Հայաստանի զինված ուժերը… Ինչո՞ւ դա պետք է աներ ՀԱՊԿ-ը՝ քաջատեղյակ լինելով, որ Հայաստանի իշխանությունները կեղծավորներ են, իրականում Հայաստանի տարածքի, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության մասին չէ, որ մտածում են, այլ իրենց այդ պահանջով, ըստ էության, ջուր են լցնում Ադրբեջանի, Ուկրաինայի, նրանց ետևում կանգնած ուժերի ջրաղացին, որոնք նպատակ ունեն Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին մեր տարածաշրջանում ադրբեջանա- թուրքական տանդեմի դեմ պատերազմի մեջ ներքաշել և ՀԱՊԿ առանցքային անդամ Ռուսաստանի համար այստեղ 2-րդ ճակատ բացել…
  2. Եթե Հայաստանի այսօրվա իշխանությունները Հայաստանի տարածքի, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության մասին իսկապես մտածող էին, և ոչ թե ընդամենը կեղծավորներ, պոպուլիստական հայտարարություններով բավարարվող ու դրանցով հանրային կարծիքը մանիպուլացնողներ, ապա ինչո՞ւ Հայաստանի Սահմանադրության, օրենսդրության անտեսմամբ, խախտմամբ, ավելին՝ հանցավոր անգործություն դրսևորելով, չձեռնարկեցին ռազմական, պաշտպանական բնույթի և այլ համապատասխան միջոցներ, երբ դեռ 2022թ. սեպտեմբերի 13-ից առաջ, 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումները, ի դեպ, առանց դիմադրության, ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջան և Սյունիքի մարզի Սև լճի հատված՝ խորանալով ավելի քան 3 կմ, իրենց վերահսկողության տակ վերցնելով, օկուպացնելով Սև լիճը, «Սև լիճ» տեղանքը և հարակից տարածքը, ներառյալ գրավելով ռազմավարական նշանակության բարձունք հանդիսացող Մեծ Իշխանասարը:

Կրկնում ենք՝ ինչո՞ւ… Մենք, իհարկե, ունենք ու դեռ ժամանակին մեր «ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ու նրա հանցախմբի դավաճանությունը դեռ չի ավարտվել, Ադրբեջանը շարունակելու է…» , «ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը փոխանակ արդեն կալանավորված լիներ, դեռ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում, թատրոն խաղում»  վերտառությամբ և այլ հրապարակումներով տվել ենք վերոնշյալ հարցի պատասխանը՝ հանցավոր անգործություն է դրսևորվել առնվազն 44-օրյա պատերազմից սկսված ու շարունակվող պետական դավաճանության արդյունքում, այնպես որ, այս հարցը կարելի է համարել հռետորական:

Հայաստանի իշխանությունները 2021թ. մայիսին ոչ միայն հանցավոր անգործություն դրսևորելով, ռազմական, պաշտպանական բնույթի միջոցներ չեն ձեռնարկել ու դրանով իսկ օժանդակել են Ադրբեջանի կողմից ինքնիշխան տարածքի օկուպացիային, մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը, այլև, միտումնավոր կերպով, ՀԱՊԿ-ի դիմել են «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի ոչ թե 4-րդ, այլ 2-րդ հոդվածով :

ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված է ընդամենը խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքի պարագայում համակարգելու դաշինքի անդամ երկրների դիրքորոշումները և միջոցներ ձեռնարկելու՝ դիմող պետությանն աջակցություն ցուցաբերելու համար։

Հայաստանը դիմել է այն հիմքով, որ առաջացել է իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիք, մինչդեռ իրականում ոչ թե սպառնալիք էր առաջացել, այլ կատարվածը հենց ՀՀ տարածքային ամբողջականության խախտում էր, ագրեսիա մեր պետության նկատմամբ և նրա տարածքի մի մասի բռնազավթում:

Հարկ է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ն վերոնշյալ պայմանագրի որևէ խախտում թույլ չի տվել. խորհրդատվությունների մեխանիզմը գործի է դրվել, խորհուրդ է տրվել խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, և այդ առումով դիմող պետությանն աջակցություն է ցուցաբերվել: Ընդգծում ենք, որ պայմանագրի 2-րդ հոդվածում նշված աջակցություն ցուցաբերելու դրույթը բնավ չի նշանակում, թե այդ աջակցությունը պարտադիր պետք է լինի ռազմական:

Մինչդեռ եթե Հայաստանը կատարվածը համարեր մեր պետության նկատմամբ ագրեսիա ու նրա տարածքի մի մասի բռնազավթում, ՀՀ տարածքային ամբողջականության խախտում ու ՀԱՊԿ-ին դիմեր նույն պայմանագրի 4-րդ հոդվածով, բոլորովին այլ իրավիճակ կառաջանար:

«Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

ՀԱՊԿ-ին կազմակերպության պայմանագրի 4-րդ հոդվածով չդիմելուց բացի, Հայաստանը 2021թ. մայիսին նույնպես չի դիմել նաև Ռուսաստանին «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բերեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի  3-րդ հոդվածով, որպեսզի ՌԴ-ն ռազմական օգնություն ցուցաբերեր:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան