ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ու նրա հանցախմբի դավաճանությունը դեռ չի ավարտվել, Ադրբեջանը շարունակելու է…

Թշնամին, դավաճան կապիտուլյանտի ու նրա իշխանության հետ ձեռք-ձեռքի տված, սկսել է Հայաստանի վերջի սկիզբը

 

Կատարվեց այն, ինչն ավելի վաղ կանխատեսել էինք. ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ու նրա հանցախմբի դավաճանությունը դեռ չի ավարտվել, և Ադրբեջանը չբավարարվելով ձեռք բերածով, շարունակելու է առաջ գալ ու տիրել մեր հայրենիքի նորանոր տարածքների: Հիմա էլ զգուշացնում ենք` թշնամին Սյունիքի առանձին հատվածներ գրավելուց հետո փորձելու է գրավել ողջ Սյունիքը, Վայոց Ձորի մարզը, Տավուշը, ՀՀ այլ տարածքներ, եթե ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի հետ ունի կամ կունենա դիմադրության չհանդիպելու կամ համապատասխան դիմադրության չհանդիպելու պայմանավորվածություն:

Երևանում այսօր հասարակության զոմբիացած հատվածը, անձնապաշտները մտածում են, որ Սյունիքն իրենցից հեռու է, թող որ թշնամին այնտեղ ինչ-որ տարածքներ է գրավում, հոգ չէ, իրենց վտանգ չի սպառնում: Չե՛ն հասկանում, չեն էլ ուզում հասկանալ, որ թշնամին, դավաճան կապիտուլյանտի ու դավաճանի հանցավոր իշխանության հետ ձեռք-ձեռքի տված, սկսել է Հայաստանի վերջի սկիզբը: Սա կհասկանան միայն նրանք, որոնք հասկանում են` առանց Արցախի, Սյունիք չկա, առանց Սյունիքի, չկա Հայաստան:

Եվ քանի՞սն են այսօր գիտակցում, որ այն, ինչ այսօր կորցնում ենք, ետ բերելը չափազանց դժվար է լինելու, ամեն մի թիզ հողի համար մեր զավակների արյունն է հեղվելու, այնպես չէ, որ ոչինչ, այսօր կորցրեցինք, վաղը ետ կբերենք:

Ինչպե՞ս է Ադրբեջանի զինուժը կարողացել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում, Իշխանասարի ուղղությամբ առաջ գալ և տիրել մեր տարածքներին, ինչո՞ւ թշնամու առաջացումը չի կասեցվել մեր զինված ուժերի կողմից…

Հայկական բանակը հետախուզություն չունի՞, ինչո՞ւ թշնամու զինված ուժերի շարժը նախապես չի նկատվել, արձանագրվել, այդ մասին չի զեկուցվել ղեկավարությանը, իսկ եթե նկատվել ու զեկուցվել է, ինչո՞ւ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնողը, գլխավոր շտաբը, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնողը և «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածը ժամանակին չեն ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ…

Դավաճանի դրածո ու դավաճանի իշխանության մաս կազմող, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող Արտակ Դավթյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանը ոչ միայն պետք է այս հարցերի պատասխանը տան, այլև ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի հետ միասին պետք է քրեական խստագույն պատասխանատվության ենթարկվեն, եթե չապացուցեն իրենց անմեղությունը:

Հիշեցնում ենք ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի («Զինված ուժերը և պաշտպանությունը») 1-ին մասը. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Փաստն այն է, որ այսօր ՀՀ զինված ուժերը վերոնշյալ հատվածում չեն ապահովել Հայաստանի Հանրապետության ո՛չ սահմանների անձեռնմխելիությունը, ո՛չ տարածքային ամբողջականությունը, ո՛չ էլ անվտանգությունը: Չենք կարող փաստել, որ չեն ապահովել նաև ՀՀ պաշտպանությունը, քանի որ թշնամին, ըստ նախնական տեղեկությունների, շուրջ 200 հոգի, թեև զինված է եղել, սակայն զինված հարձակում չի գործել, պարզապես առաջ է եկել առանց մարտ վարելու, իսկ զենքը չի գործադրել սոսկ այն պատճառով, որ դիմադրող չի եղել:

ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի («Զինված ուժերը») 1-ին մասի համաձայն` «Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին»:

Վերը շարադրվածը նշանակում է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնողի հետ միասին պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնողը, Հայաստանում իշխանությունն ուզուրպացիայի ենթարկած և հանցավոր կերպով ՀՀ վարչապետի պաշտոնակատար հանդես եկող ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանը: Ու պետք է երազեն, որ այդ պատասխանատվությունն ընդամենը քրեական լինի…

«ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածն այսօր հանդես եկավ հայտարարությամբ, որում նշված է. «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»։

«ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածն իր այս հայտարարությամբ փաստեց, որ շարունակում է կիսաճշմարտություններ, ըստ էության, կեղծ տեղեկատվություն հրապարակելու և հանրությանը մոլորեցնելու արդեն սովորույթի վերածած իր խայտառակ պրակտիկան, իսկ շարունակում է, որովհետև նախկինում կեղծ լրատվության հեղինակները պատասխանատվության չենթարկվեցին:

Ի՞նչ է նշանակում «…փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում»… Աշխատանքնե՞ր… Թշնամու զինուժի առաջացումը, ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը խախտելը, ՀՀ տարածքի մի մասը գրավելը, դրան տիրելն արդեն աշխատանքնե՞ր են համարվում…

Ահա նույն հայտարարության ևս մեկ դրվագ. «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները»: Այդ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկել… Ինչո՞ւ են հանրությունից թաքցնում են դրանց բնույթը… Եվ «ձեռնարկած միջոցառումներից» հետո ադրբեջանական զինվորականներն այդ ո՞ր աշխատանքներն են դադարեցրել… ՀՀ տարածք մտնելուց հետո առաջ գա՞լը, խորանա՞լը…

Հավանաբար թաքցնում են այն պատճառով, որ ամաչում, անհարմար են զգում իրականությունը ներկայացնել, որովհետև այդ դեպքում գուցե պարզ դառնա, որ հայկական ստորաբաժանումներին ընդամենը ուշացումով հրաման է տրվել թշնամու դիմաց կանգնել, որ նրանք էլ առաջ չգան, բավարարվեն նրանով, ինչին արդեն տիրել են: Մեկ էլ հայկական կողմի գեներալներն են երևի խնդրել Ադրբեջանի գեներալներին կանգնել, այլևս առաջ չգալ, այս փուլում բավարարվել ձեռք բերածով:

Ահա ՊՆ կոչվածի երկու պարբերությունից բաղկացած հայտարարության 2-րդ պարբերությունը. «Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»։

ՊՆ կոչվածի հայտարարության այս մասը նույնիսկ խայտառակություն որակելը մեղմ է. շատ վա՛տ է, որ մամուլում տարածվող տեղեկությունները Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը, դա նշանակում է, որ սահմանի տվյալ հատվածն անտերության մատնված է եղել, Հայաստանի պաշտպանությունն ապահովելու պարտականությունն ունեցող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի և ՊՆ-ի ղեկավարները հայկական ստորաբաժանումներին թշնամու առաջացումը ժամանակին կասեցնելու հրաման չեն տվել, այլապես այդ դիմադրությունը դժվար թե լիներ առանց մարտերի:

Պարզվում է, հայրենիքի պաշտպանության համար մարտերն էլ, ըստ ՊՆ-ի, այլևս խուճապ տարածող տեղեկություններ են:

ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի իշխանության մաս կազմող Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ, իր հերթին, լկտիաբար ստել է` «Փաստինֆո» -ի հետ զրույցում հայտարարելով, թե «Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են: ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»:

Սա՛ է ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի իշխանությունը, որին օր առաջ, ժամ առաջ քշելը ՀՀ ազգային անվտանգության ապահովման հրամայական է:

 

Արթուր Հովհաննիսյան