Դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին. Արցախի առողջապահության նախարարություն

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ:

Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»,– ասվում է Արցախի Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնից  հայտնել էին, որ բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում։ Նրանց կյանքին վտանգ է սպառնում, ցուցված է բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում, սակայն շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար: