Ղարաբաղի գնով հասնել խաղաղության՝ դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի հայեցակարգ է․ Անդրանիկ Թևանյան

Մեր նպատակն էր, որ ԱԺ-ի կողմից ընդունվի այս հայտարարությունը, որովհետև շատ կարևոր է, որ մեր պետությունն արձագանքի Ադրբեջանին: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Ինչպես գիտենք, մենք ընդհանուր հայտարարի չեկանք իշխող խմբակցության հետ, որովհետև կա շատ ֆունդամենտալ տարբերություններ մեր մոտեցումների մեջ: Այդ մոտեցումների մասին չենք խոսի, լիագումար նիստին կներկայացնենք: Ցավում եմ, որ այդ տարբերությունները կան:

Մեր հանրությանը կոչ եմ անում հետևել քննարկմանը, տեսակետներին: Ես ուղղակի կուզենայի, որ իշխող խմբակցության պատգամավորները մինչև վերջ, բաց տեքստով ասեն, թե իրենք ինչու են դեմ եղել մեր հայտարարությանը»,-ասաց նա:

Թևանյանի խոսքով, կա երկու փիլիսոփայական մոտեցում. «Մեկն այն է, որ Ղարաբաղի գնով հասնենք խաղաղության, այսինքն Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու գնով հասնենք խաղաղության, մեր կարծիքով դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի հայեցակարգ է, որովհետև այդպես կարելի է Երևանն էլ հանձնել: Մեր մոտեցումն այլ է, որ մենք իրական խաղաղության պետք է ձգտենք մեր անվտանգային կարմիր գծերը պահելով, դրանով մեսիջ տալով և մեր թշնամիներին, և բարեկամներին, որ պատրաստ ենք լինելու մինչև վերջ պաշտպանել մեր երկրի շահերը: Ցավալի է, որ Հայաստանի խորհրդարանում կա այսպիսի ռադիկալ գաղափարական հակադրություն»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:

Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։