Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Սենատի բանաձևի վերաբերյալ

Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Սենատի բանաձևի վերաբերյալ: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տեղեկացմամբ, «Մեջլիսի հայտարարության մեջ ասված է.

«Թույլ չտալ Ֆրանսիայի մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված նախաձեռնություններին և միջոցառումներին, քանի դեռ Ֆրանսիայի կառավարությունը չեզոքության երաշխիքներ չի տվել և այդ հարցերի շուրջ ֆրանսիացի պաշտոնյաների հետ որևէ քննարկում չանցկացնել;

– Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվների հայտնաբերման դեպքում սառեցնել դրանք;

– Թույլ չտալ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունն ադրբեջանական պետության կողմից պատվիրված որևէ նախագծում;

– Վերանայել էներգետիկ ոլորտում ադրբեջանական կողմի հետ ֆրանսիական ընկերությունների համագործակցությունը;

– Վերանայել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև գոյություն ունեցող քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները;

– Որպես Չմիավորման շարժման նախագահ ՝ միջազգային կազմակերպություններում բարձրացնել Ֆրանսիայի գաղութային քաղաքական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների հարցը;

– Ֆրանսիայի իսլամաֆոբիայի քաղաքականության հարցը մտցնել Իսլամական համագործակցության կազմակերպության օրակարգ;

– Ֆրանսիայի թյուրքատյաց քաղաքականության հարցը դարձնել օրակարգային թյուրքական պետությունների կազմակերպությունների շրջանակներում»:

Այս ամբողջ հիստերիայի պատճառն այն է, որ աշխարհը, տվյալ դեպքում՝ Ֆրանսիան համարում է արցախյան հարցը չլուծված և կոչ անում հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Խաղաղատենչ» Ադրբեջանի Մեջլիսը թող մի հայտարարություն էլ ընդունի Իլհամի Ալիևի՝ արդեն իրական և պետական մակարդակով քարոզվող ատելության խոսքի և հայատյացության վերաբերյալ»,-գրել է ադրբեջանագետը: