Իսրայելին Վաշինգտոնում հավաստիացրել են ԱՄՆ լիակատար աջակցության մասին «Հեզբոլլահի» դեմ պատերազմում. СNN
ԱՄՆ պաշտոնյաները հավաստիացրել են Վաշինգտոն այցելած իսրայելական պատվիրակությանը, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև լիածավալ պատերազմի դեպքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է աջակցել իր դաշնակցին, տեղեկացրել է СNN–ը:
Իսրայելի պաշտոնյաները, ներառյալ ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը և ազգային անվտանգության գծով խորհրդական Ցախի Հանեգբին, մասնակցել են մի շարք հանդիպումների Բայդենի վարչակազմի պաշտոնատար անձանց՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Սպիտակ տան մերձավորարևելյան հարցերի համակարգող Բրեթ Մակգերկի հետ Վաշինգտոնում այս շաբաթ։ Աղբյուրների խոսքով՝ նրանք քննարկել են բազմաթիվ թեմաներ, ներառյալ իրավիճակն Իսրայելի հյուսիսային սահմանին, Իրանը, հրադադարը և պատանդների մասին բանակցությունները։
Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ «Հեզբոլլահի» սադրանքների քննարկման ժամանակ ԱՄՆ պաշտոնյաները հստակ հասկացրել են, որ Բայդենի վարչակազմը Իսրայելին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, թեև ԱՄՆ-ը նման սցենարի դեպքում ամերիկյան զորքեր չի ուղարկի»։
Ինչպես տեղեկացրել է CNN-ը, ԱՄՆ պաշտոնյաները լրջորեն անհանգստացած են, որ Իսրայելի ե «Հեզբոլլահի» միջև պատերազմի դեպքում շարժումը կարող է ճնշել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը հյուսիսում, ներառյալ «Երկաթե գմբեթ» գովաբանված համակարգը։
Այս իրողությունը ԱՄՆ աջակցությունը կարող է էլ ավելի կարևոր դարձնել։ Այս շաբաթ կայացած հանդիպումներում ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաները քննարկել են հնարավոր «նահանջները», որպեսզի փորձեն նվազեցնել լարվածությունն այսպես կոչված «Երկնագույն գծում», որը բաժանում է Լիբանանն ու Իսրայելը։
Նրանց խոսքով՝ այդ բանակցությունները վերաբերել են իսրայելցիների և լիբանանցիների տուն վերադարձի ճանապարհներին, որոնք տեղակայվել էին սահմանին։