Երևանում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը

Այսօր Երևանի Հաղթանակի զբոսայգում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատների, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներ հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին՝  ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհելով Անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Արարողությանը մասնակցել են Հայաստանի վետերանների ասոցիացիայի անդամները։

«Ուղիղ 83 տարի առաջ այս օրը առավոտյան ժամը 4-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել հաղթանակի գործում։ Այստեղ է թաղված զոհված զինվորներից մեկը։ Նրա անունը անհայտ է, բայց նրա սխրանքը անմահ է»,- ասել է  միավորման նախագահ Սիմոն Եսայանը։

Հայրենական մեծ պատերազմը սկսվելու օրը ամենակարևոր տարեթվերից մեկն է, որն ազդել է համաշխարհային պատմության ընթացքի վրա։ 2024 թվականի հունիսի 22-ին լրանում է այս իրադարձության 83-րդ տարեդարձը։