ՀՀ բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. Փաշինյան

«Պիտի մեր հանրության և խորհրդարանի աջակցությունն ակնկալեմ կարևորագույն մի բարեփոխման նկատմամբ», որը կառավարությունն առաջիկայում պատրաստվում է ուղարկել ԱԺ. խոսքը Հայաստանում համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին է»,- այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչի մասին է այս համակարգը. Հայաստանի բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Ընդ որում, պետք չէ այս ձևակերպումից վախենալ, առնվազն սկզբնական շրջանում գործի 90 տոկոսն անելու է ՊԵԿ-ը, քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը, ըստ էության, ամբողջությամբ լրացված, ինքը պետք է հաստատի, որ ամեն ինչ ճիշտ է գրված, եթե սխալ բան կա, ուղղի, բարձրաձայնի դա ուղղելու մասին»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ առաջին անգամ այդ համակարգը լիարժեք ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից:

Փաշինյանը նաև նշեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկային որևէ լրացուցիչ պարտավորություն արտագնա աշխատող մեր հայրենակիցների համար չի առաջացնի։