Հաագայում ավարտվել են Երևանի դեմ Բաքվի հայցի նախնական առարկությունների վերաբերյալ լսումները

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման համար Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցի շրջանակներում նախնական առարկությունների լսումները:  ՏԱՍՍ-ը գրում է, որ վերջին հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը դատարանին կոչ է արել մերժել հայկական կողմը ներկայացնող փաստաբանների պահանջները և անցնել գործի  քննությանը։

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընթերցել էր Հայաստանի պահանջները։ Երևանը, նրա խոսքով, մտադիր է դատարանից պահանջել ճանաչել սեփական իրավասության բացակայությունը կամ հայցի անընդունելիությունը՝ կապված իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել մինչև 1996 թվականի սեպտեմբերին երկու կողմերի համար ռասայական խտրականության մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Հայաստանը նաև պահանջել է, որպեսզի դատարանը վճռի, որ չունի անհրաժեշտ իրավասություն ականների, պայթուցիկ թակարդների և շրջակա միջավայրին վնաս պատճառելու մասին Ադրբեջանի պահանջների նկատմամբ:

Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային դատարանում դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի հետ՝ համաձայն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի։ Մի շարք հայցով Ադրբեջանը մեղադրվում է տասնամյակներ շարունակվող ռասայական խտրականություն սերմանելու մեջ, որն առաջին պլան է մղվել 2020 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի ժամանակ։ Նույն թվականի սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել։