Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 23

Սկիզբը` այստեղ

ՌԴ արտգործնախարարությունը դեռ հոկտեմբերի 9-ին ընդգծել է, թե Մոսկվայի համար որն է լինելու այն կարմիր գիծը, որոնց` ԱՄՆ-ի կամ Արևմուտքի կողմից հատումը ՌԴ-ի համար լինելու է անհանդուրժելի, այսինքն` սպառվելու է Ռուսաստանի համբերությունը:

Արևմուտքից Ուկրաինա հեռահար կամ ավելի հզոր զենքի մատակարարումը Ռուսաստանի կողմից կգնահատվի որպես կարմիր գծի հատում։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում  ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «կարմիր գծերին», մենք արդեն նշել ենք,- ասել է Պոլիշչուկը:- Դա, նախ և առաջ, Կիևին հեռահար կամ ավելի հզոր խոցման միջոցների մատակարարումն է։ Ուկրաինական վարչակարգին զենք մատակարարող ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողություններին արձագանքելու կոնկրետ միջոցները կորոշվեն ստեղծված իրավիճակի մանրակրկիտ վերլուծության արդյունքում։ Դրանք իրականացնելու համար մեր երկիրը բավականաչափ գործիքներ ունի»։

Իրոք, Մոսկվան նախկինում էլ բազմիցս նշել «կարմիր գծերի» ու դրանք հատելու անթույլատրելիության մասին: Պոլիշչուկը ասել է նաև, որ Միացյալ Նահանգները ծանր սպառազինություն է մղում Ուկրաինա, արբանյակներից հետախուզական տեղեկություններ է մատակարարում նրան, օգնում է օտարերկրյա վարձկանների հավաքագրմանը և մարտական գործողությունների վարման կողմնորոշիչներ տրամադրում, ինչը երկիրը դարձնում է հակամարտության մասնակից։ Հիշյալ դեպարտամենտի տնօրենի հավաստմամբ, Վաշինգտոնն իր դաշնակիցներին ստիպում է զենք մատակարարել Ուկրաինային։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսին բացառել էր Ուկրաինա այն հրթիռների փոխանցումը, որոնք կարող են հասնել Ռուսաստանի տարածք։ Հուլիսին նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել էր, որ Վաշինգտոնը պատրաստ չէ Ուկրաինային մատակարարել 300 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռներ, որպեսզի թույլ չտրվի Երրորդ համաշխարհային պատերազմ:

Այնուամենայնիվ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, հունիսի վերջից Միացյալ Նահանգները սկսել է Ուկրաինա մատակարարել HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնցով Ուկրաինայի զինված ուժերը սովորական արկերից բացի, օգտագործում են նաև ամերիկյան GMLRS արկերի նորագույն` մինչև 150 կմ հեռահարությամբ ER GMLRS տարբերակը: Հավանաբար հենց դրանք նկատի ունենալով է Պենտագոնը վերջերս հայտարարել, որ իրենք Ուկրաինային արդեն իսկ տրամադրել են այնպիսի միջոցներ, որոնք թույլ են տալիս հարվածել Ղրիմի կամրջին:

Սեպտեմբերի կեսերին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը Վաշինգտոնի հետ քննարկում է ավելի մեծ հեռահարության հրթիռների մատակարարման հարցը, սակայն չի հստակեցրել, թե մասնավորապես որ հրթիռների մասին է խոսքը։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գավրիլովը սեպտեմբերի 22-ին հայտարարել է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո Վաշինգտոնն ավելի պատրաստակամ է Կիևին տրամադրել ATACMS հրթիռներ (հեռահարությունը մինչև 300 կմ)։

«The Wall Street Journal»-ը հոկտեմբերի 7-ին հայտնել է, որ Ուկրաինան շարունակում է խնդրել ԱՄՆ-ին իրեն փոխանցել ATACMS բալիստիկ հրթիռներ, որպեսզի դրանք օգտագործի նաև Ղրիմի վրա հարձակումների համար (Ուկրաինան, ԱՄՆ-ը և, ընդհանրապես, Արևմուտքը Ղրիմը ՌԴ տարածք չեն համարում)։

Իր հերթին, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից Կիևին համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հեռահար հրթիռների մատակարարումը հանդիսանում է Ուկրաինայում հակամարտությունը սրելու ամենաարագ ճանապարհը։ Ըստ Մեդվեդևի, Արևմուտքի այս քայլից հետո հակամարտությունը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի, որն անդառնալի հետևանքներ կունենա։

Օրերս հրապարակված տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը և ՄԵծ Բրիտանիան (այդ երկուսն Իսրայելի հետ միասին հանդիսանում են աշխարհում չարիքի առանցքը) անտեսելով կարմիր գիծը հատելու անթույլատրելիության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ զգուշացումը, որոշել են Ուկրաինա առաքել ավելի հզոր զինատեսակներ: ԱՄՆ-ը, մասնավորապես, մտադիր է ուկրաինական բանակին մատակարարել NASAMS զենիթահրթիռային համալիրներ, որոնք ավելի հզոր են ուկրաինական բանակում այժմ առկա զենիթահրթիռային համալիրներից:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան