Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 22

Սկիզբը` այստեղ

Ռուսաստանի «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարները անգլո- սաքսերի կամ Արևմուտքի կողմից պայթեցված են, շաբաթ վաղ առավոտյան, ինչպես արդեն հայտնի է, Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից կամ նրա կազմակերպմամբ դիվերսիա է իրականացվել Ղրիմի կամրջի վրա, հզոր պայթուցիկով բեռնված բեռնատարի պայթյունը երկաթգծին պատճառած վնասից բացի, հանգեցրել է ավտոճանապարհի մի մասի փլուզմանը, առնվազն 5 հոգու կյանք խլել ու պատճառել առնվազն 500 մլն ռուբլու նյութական վնաս:

Գաղտնիք չէ, թե որքան կարևոր էին ու կարևոր են վերոնշյալ գազատարները և կամուրջը Ռուսաստանի և անձամբ նրա նախագահի` Վլադիմիր Պուտինի համար: Վերջին տարիներին «Հյուսիսային հոսք-2»-ի և Ղրիմի կամրջի կառուցման համար Ռուսաստանը միլիարդներ է ծախսել դոլարային արտահայտությամբ, ու խնդիրը միայն ահռելի գումարների կորուստը չէ, որն անխուսափելի է, եթե «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարները մոտ ժամանակներում չվերականգնվեն, իսկ Ղրիմի կամուրջն առաջիկայում Ուկրաինայի հրթիռային հարձակման հետևանքով փլուզվի, շարքից դուրս գա: Հավելենք, որ գազատարների վերականգնման հարցում առայժմ խիստ անորոշություն է, վերականգնումը շատ դժվար է ու թանկ, բացի այդ, նաև ռիսկային, քանի որ վերականգնումից հետո չկա երաշխիք, որ դրանք դարձյալ չեն պայթեցվի:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հենց Ղրիմի կամրջի պայթեցման օրը` հոկտեմբերի 8-ին, հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վնասը «սկիզբն» է։

«Ղրիմ, կամուրջ, սկիզբ. ամեն անօրինականը պետք է ավերվի, ամեն գողացվածը` վերադարձվի Ուկրաինա»,- «Twitter»-ում գրել է Պոդոլյակը։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը դեռ ապրիլի 21-ին «Telegram»-ում գրել էր. «Ուկրաինական աննկուն ղեկավարներից մեկն ասել է, որ անհրաժեշտ է հարվածել Ղրիմի կամրջին։ Հուսով եմ, նա հասկանում է, որ պատասխան թիրախ է լինելու»։

Իսկապես ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե Ուկրաինան առաջիկայում ԱՄՆ-ից ստանալիք հեռահար և առավել հզոր հրթիռներով հարվածի Ղրիմի կամրջին, առավել ևս` եթե կարողանա ավերել այն, հիմնավորապես կամ երկար ժամանակով շարքից հանել: Կսահմանափակվի՞ միայն Պոդոլյակին կամ հենց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պատասխան հարվածի թիրախ դարձնելով, թե մտադիր է թույլ չտալ, որ Ուկրաինան ԱՄՆ-ից ավելի հեռահար ու հզոր սպառազինություն ձեռք բերի` կործանելով դրանք Ուկրաինա տեղափոխող ու թեկուզ ԱՄՆ-ին կամ, ասենք, ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանին պատկանող տրանսպորտային միջոցները` ռազմափոխադրական ինքնաթիռները, երկաթուղային շարժակազմերը, նավերը, բեռնատարները…

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարները ԱՄՆ-ին ու նրա գլխավորած Արևմուտքին բազմիցս զգուշացրել են, որ վերոնշյալ տրանսպորտային միջոցները ՌԴ զինված ուժերի համար հանդիսանում են օրինական թիրախ, բայց խոսքից դեռ գործի չեն անցել` հասկանալով դրա հետ կապված բոլոր, ընդհուպ Երրորդ համաշխարհային ու միջուկային պատերազմի բռնկման վտանգը:

ԱՄՆ պաշտպանության նախարարի` Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Կուպերը Պենտագոնում հոկտեմբերի 4-ին կայացած ճեպազրույցում ևս մեկ անգամ ուրվագծել է Վաշինգտոնի դիրքորոշումը, ըստ որի, Ղրիմն ուկրաինական տարածք է, նաև հայտարարել, որ Կիևը HIMARS համազարկային կրակի ռեակտիվ (ՀԿՌ) համակարգերով կարող է թիրախներ խոցել նաև Ղրիմում:

Նույն օրը ՌԴ արտգործնախարարությունը զգուշացրել է ԱՄՆ-ին Կիևին զենք մատակարարելու հետևանքների մասին: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի նիստում, ՌԴ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Վորոնցովը, «Life.ru»-ի տեղեկացմամբ,  նշել է, որ Վաշինգտոնը մեծացնում է զենքի մատակարարումը Կիև, ինչպես նաև տրամադրում է ուկրաինացի զինվորականներին իր հետախուզական տեղեկությունները և ապահովում մարտիկների և խորհրդականների անմիջական մասնակցությունը հակամարտությունում:

«Սա ոչ միայն երկարաձգում է ռազմական գործողությունները և հանգեցնում նոր զոհերի, այլև իրավիճակը մոտեցնում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգավոր սահմանագծին»,- ընդգծել է ռուս դիվանագետը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել էր, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի 625 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ։ Այն ներառում է լրացուցիչ սպառազինություն ու սարքավորումներ, այդ թվում՝ HIMARS ՀԿՌ համակարգեր, 32 հրետանային համակարգ (ամենայն հավանականությամբ, դարձյալ M- 777 հեռահար հաուբիցներ) և արդիական զինամթերք, ինչպես նաև 200 զրահատեխնիկա։ Բայդենը խոստացել է նաև շարունակել աջակցել Կիևին «այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»։ ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, Կիևը Վաշինգտոնից ստացել է շուրջ 17 մլրդ դոլարի ռազմական օգնություն։

Կոնստանտին Վորոնցովի վերոնշյալ հայտարարությունից գրեթե անմիջապես հետո ԱՄՆ-ին ամենալուրջ հետևանքների մասին զգուշացրել է նաև Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ Դեսպանատունը մեջբերել է դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի մեկնաբանությունն այն լուրերին, որ Վաշինգտոնը Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում.

«Կիև ծանր սպառազինության մղումը շարունակելու ԱՄՆ վարչակազմի որոշումը Վաշինգտոնին ամրագրում է հակամարտության մասնակցի կարգավիճակում։ Ընկալում ենք դա որպես անմիջական սպառնալիք մեր երկրի ռազմավարական շահերին»:

Անտոնովը հավելել է, որ ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից Կիևին ռազմական մատակարարումները ոչ միայն երկարաձգում են արյունահեղությունը, այլև մեծացնում են Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուղղակի ռազմական բախման վտանգը։

«Մենք կոչ ենք անում Վաշինգտոնին դադարեցնել սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ամենալուրջ հետևանքների»,- եզրափակել է դեսպանը:

Եվ ի՞նչ եք կարծում` ԱՄՆ-ը հաշվի առե՞լ է այս զգուշացումը, դադարեցրել կամ խոստացե՞լ է դադարեցնել սպառազինության մատակարարումն Ուկրաինա… Բնավ ոչ, ճիշտ հակառակը` Պենտագոնը խոստացել է Ուկրաինային մատակարարել սպառազինության նոր նմուշներ, ինչը կարող է հանգեցնել երկու միջուկային տերությունների բախման:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան