Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին

Նիստի շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է ղազախական կողմին՝ ԱՊՀ նախագահության իրենց առաջնահերթությունների հաջող իրականացման կապակցությամբ, և արդյունավետ աշխատանք մաղթել ղրղզական կողմին՝ առաջիկա նախագահության ընթացքում։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների ընդլայնման ու ամրապնդման օգտին՝ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան։

Անդրադառնալով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությամբ ուղեկցվող ադրբեջանական կողմի վերջին ագրեսիային և շարունակական ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նմանատիպ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերը։ Նա նաև կարևորել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանի լայնածավալ զինված ագրեսիայի հստակ և թիրախային դատապարտումը։