Ուկրաինան վաղն էլ է ցնցվելու Ռուսաստանի հարվածներից, հնարավոր է, առավել զանգվածային ու հզոր…

Զելենսկին սադրում է Պուտինին ու Նիկոլի նման չի մտածում իր ղեկավարած երկրի մասին

 

Զելենսկին սադրում է Պուտինին և, ինչպես Նիկոլը, չի մտածում իր ղեկավարած երկրի նույնիսկ մոտ ապագայի ու նրա բնակիչների ճակատագրի մասին:

Հավանաբար շատերն էին կարծում, թե ի պատասխան ՌԴ ծայրահեղ կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքի` Ղրիմի կամրջի նկատմամբ Ուկրաինայի հատուկ ծառայությունների իրականացրած դիվերսիայի, հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի բազմաթիվ քաղաքների ենթակառուցվածքներին (ՋԷԿ-եր, տրանսֆորմատորային ենթակայաններ և այլն), հրամանատարական, վերահսկման ու կապի կենտրոններին ՌԴ զինված ուժերի հրթիռային և այլաբնույթ հարվածներն ընդամենը պատժիչ մեկանգամյա գործողություն են:

Սակայն թիկունքում գտնվող ուկրաինական բազմաթիվ քաղաքների համապատասխան թիրախներին հասցվող նորանոր հարվածների մասին երեկ ու նաև այսօր` հոկտեմբերի 12-ի առավոտվանից ռուսական ԶԼՄ-ներում հրապարակվող լուրերը հուշում են, որ Ռուսաստանը փոխել է հատուկ ռազմական գործողության իր մարտավարությունը կամ ռազմավարությունը: Իսկ ինչ է դա նշանակում…

Դատելով ամենից, Ռուսաստանն Ուկրաինայի ընձեռած առիթն օգտագործելով, նպատակ ունի հետևողականորեն ավերել, շարքից հանել հակառակորդի էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքները, երկրի խորքում գտնվող հրամանատարական, վերահսկման ու կապի կենտրոնները, այդպիսով հնարավորինս կարճ ժամանակում հասնել Զելենսկու վարչակարգի տապալմանը կամ նրան ծնկի բերելուն, ինչը նշանակում է հակամարտության դադարեցում և խաղաղության պայամանագրի կնքում Ռուսաստանի պահանջած պայմաններով, այլ կերպ ասած, կապիտուլյացիա:

Հիշենք, որ Ղրիմի կամրջի նկատմամբ իրականացված դիվերսիայից հետո և Ուկրաինայի համապատասխան թիրախներին հոկտեմբերի 10-ին զանգվածային հրթիռա- հրետանային, ավիացիոն հարվածներ սկսելու նախօրեին ՌԴ Պետդումայի պատգամավոր Պյոտր Տոլստոյը կոչ էր արել  Ուկրաինան կոխել 18-րդ դար: Հիմա թերևս հենց դա էլ արվում է, այսինքն` Ուկրաինան առանց էլեկտրամատակարարման և գազամատակարարման, առանց կապի, ջրամատակարարումն էլ` խափանումներով…

Երեկ ՌԴ ԶՈւ հարվածների թիրախներն եղել են Կիևում, Դնեպրում, Օդեսայում, Լվով, Տերնոպոլ և այլ քաղաքներում, Կիևի, Չեռնիգովի, Վիննիցայի, Օդեսայի, Սումիի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի մարզերում և այլ տարածաշրջաններում։ Ինչպես հայտնել են ուկրաինական ԶԼՄ-ները, ամբողջ երկրում օդային տագնապ է հայտարարվել, ընդ որում, ոչ միայն Ուկրաինայի կենտրոնական և արևելյան մարզերում, այլև ամենաարևմտյան՝ Անդրկարպատյան, Լվովի, Վոլինսկու, Ռիվնենի, Տերնոպոլի, Իվանո-Ֆրանկովսկի…

Վիննիցայի մարզում հարվածի թիրախներից մեկը եղել է Լադիժինսկայի ՋԷԿ-ը, վնասվել են էլեկտրասարքավորումները, հրթիռային հարվածների են ենթարկվել նաև Կրիվոյ Ռոգը և Զապորոժիեն։ Ուկրաինական երկաթուղու տեղեկացմամբ, Ուկրաինայում գնացքների մոտ կեսի մեկնումը հետաձգվել է: Գրեթե ողջ Ուկրաինայում էլեկտրամատակարարման, ջրամատակարարման խափանումներ են, կան նաև գազի ու կապի խափանումներ: Ըստ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի, հոկտեմբերի 11-ին հարձակումների հիմնական թիրախները եղել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, տուժել է դրանց ընդհանուր թվի մոտ 30%-ը:

Այսօր առավոտյան Ուկրաինայի կենտրոնական և հարավային մասի մի շարք տարածաշրջաններում երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է տրվել: Օդային հարձակման ահազանգը հնչել է, մասնավորապես, Կիևում, Կիևի, Նիկոլաևի, Վիննիցայի, Չերկասի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի մարզերում: Երկրի որոշ տարածաշրջաններում անցած գիշեր մի քանի անգամ հայտարարվել է օդային և հրթիռային տագնապ, այդ թվում` Նիկոլաևի և Սումիի մարզերում։ ՌԴ զինվորականների հարվածներից հետո առանց էլեկտրականության են մնացել Սումիի մարզի երկու շրջաններ, պայթյուններ են եղել Նիկոլաևում և Նիկոլաևի մարզում: Ռուսաստանի ԶՈւ-ն այսօր նոր հարված է հասցրել  նաև Դնեպրոպետրովսկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքին:

«Հերթական հարձակումը մարզի վրա,- «Telegram»-ում գրել է մարզի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։ Երրորդ օրն անընդմեջ խփում են կենսապահովման ձեռնարկություններին։ Առավոտյան ռուսները հարվածել են Կամենսկի շրջանի էներգետիկ ենթակառուցվածքին։ Այնտեղ ուժեղ հրդեհ է և ավերածություններ»:

Ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է, որ Կիևն իրեն դրել է ամենաօդիոզ ահաբեկչական խմբավորումների հետ նույն հարթության, և Կիևի վարչակարգի հանցագործություններն անպատասխան թողնելն ուղղակի անհնար է։

Բացի Ղրիմի կամրջի նկատմամբ կատարված դիվերսիոն- ահաբեկչական գործողությունից, ըստ նախագահի, Ուկրաինան երեք ահաբեկչություն է իրականացրել Ռուսաստանի Կուրսկի ատոմակայանի դեմ` քանիցս խափանելով էլեկտրակայանի բարձրավոլտ գծերը (նման երրորդ հարձակման հետևանքով միանգամից երեք այդպիսի գիծ է վնասվել, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, վնասը շուտափույթ վերացվել է, լուրջ հետևանքներ թույլ չեն տրվել), ինչպես նաւ փորձել է պայթեցնել «Թուրքական հոսք» գազատարի համակարգի հատվածներից մեկը, շարքից հանել գազատարը:

Ավելին. ինչպես այսօր «Россия 24»-ի եթերում տեղեկացրել է Զապորոժիեի մարզի ղեկավարի պաշտոնակատար Եվգենի Բալիցկին, Ուկրաինայի զինված ուժերի մի խումբ դիվերսանտներ անցած գիշերվանից փորձել են ներթափանցել Զապորոժիեի ԱԷԿ, նրանք վերացվել են, ՌԴ ուժայինները ոչնչացրել են մի քանի տասնյակ ուկրաինացի դիվերսանտների:

Հայտնի է նաև Պուտինի հոկտեմբերի 10-ի սպառնալիքը . «Եթե մեր տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը շարունակվեն, Ռուսաստանի պատասխանները կլինեն կոշտ և մասշտաբային՝ կհամապատասխանեն Ռուսաստանի Դաշնության կողմից բխող սպառնալիքների մակարդակին: Այս հարցում ոչ ոք չպետք է կասկածի»‰

Այնուհանդերձ, Ուկրաինայի նախագահը երեկ թերևս փորձել է սադրել Պուտինին` անտեսելով նրա բացահայտ զգուշացումը: Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են, ՌԴ Բելգորոդի մարզի «Շեբեկինո» ենթակայանին, ենթակայանի տրանսֆորմատորը վնասվել է արկերից, ավելի քան 2000 սպառող հոսանքազրկվել է: Նախօրեին Շեբեկինոյում հարձակման հետևանքով մի կին է մահացել, վնասվել է երեք մասնավոր տնային տնտեսություն։

Բացի Բելգորոդի մարզի «Շեբեկինո» ենթակայանին երեկ հասցված հարվածից, այսօր հայտնի դարձավ, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները ՌԴ սահմանամերձ Բրյանսկում գտնվող տրանսպորտային- լոգիստիկ տերմինալներից մեկում հակատանկային կառավարվող հրթիռի մոտ երեք կիլոգրամ տրոտիլ համարժեքով մարտագլխիկի հիման վրա պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցման միջոցով դիվերսիոն- ահաբեկչական գործողություն են նախապատրաստել:

Կիևից Էստոնիայի տարածքով տարանցիկ կերպով Ռուսաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացին ներգրավված լինելով դիվերսիոն- ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ, հետախուզություն է իրականացրել տրանսպորտային- լոգիստիկ ընկերության պահեստներից մեկում` պայթուցիկ սարքը տեղադրելու և հզոր պայթյուն իրականացնելու նպատակով։ Դիվերսիոն- ահաբեկչական գործողությունը, սակայն, ժամանակին բացահայտվել ու կանխվել է անվտանգության ուժերի կողմից, դիվերսանտը ձերբակալվել է, պայթուցիկ սարքն առգրավվել:

Կարելի է սպասել, որ ՌԴ ԶՈւ զանգվածային հրթիռային և այլաբնույթ հարվածներն Ուկրաինային առաջիկայում նոր թափով կշարունակվեն և, հնարավոր է, ունենան էլ ավելի մասշտաբային բնույթ:

 

Արթուր Հովհաննիսյան