Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 18

Սկիզբը` այստեղ

Ռուսաստանի Դաշնության նկատմամբ  իրականացվել է ահաբեկչություն կամ դիվերսիա պետական մակարդակով… Այսինքն` այն նախաձեռնողը ոչ թե ինչ- որ ֆիզիկական անձ կամ ահաբեկչական կազմակերպություն է, այլ ՌԴ-ի նկատմամբ առանձնակի թշնամական վերաբերմունք ունեցող պետություն: Նմանաբնույթ դեպքերում մեզանում սովորաբար ասում են` այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի…

Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 25-ի լույս սեպտեմբերի 26-ի գիշերը պայթեցվել են ՌԴ-ի համար կառուցման առումով միլիարդներ արժեցած, նրա, ինչպես նաև եվրոպական մի շարք պետությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիսային հոսք- 1» և «Հյուսիսային հոսք- 2» ստորջրյա գազատարները: Կրեմլը գազատարների պայթյունները պետական ​​մակարդակով ահաբեկչական ակտ է անվանել և ուշադրություն հրավիրել ավերածությունների մասշտաբների և կատարվածի աննախադեպ բնույթի վրա:

«Իհարկե, շատ դժվար է պատկերացնել, որ նման ահաբեկչական գործողություն կարող է տեղի ունենալ առանց որևէ պետության մասնակցության»,- РБК-ի տեղեկացմամբ, երեկ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և հավելել, որ առաջացել է չափազանց վտանգավոր իրավիճակ է, որը պահանջում է շտապ հետաքննություն, ինչն իր հերթին, իհարկե, պահանջում է շատ ակտիվ և եռանդուն համագործակցություն։

Պեսկովը նաև մեկնաբանել է CNN-ի նյութը, որում ասվում է, որ վթարի վայրի մոտ ռուսական նավեր և սուզանավեր են տեսել։

«Սա Բալթիկ ծովն է,- ասել է Պեսկովը:- Եվ շատ ավելի շատ այնտեղ նկատվել են թռչող, լողացող և ծովային այլ ապարատներ, որոնք պատկանում են ՆԱՏՕ-ի երկրներին: Հետևաբար դա այնքան հիմար նորություն է, ասեմ այսպես` թատերականացված»:

«Ավերածությունները` տեղի ունեցած մեկ օրում միաժամանակ «Հյուսիսային հոսք» համակարգի ծովային գազատարների երեք ճյուղերի վրա, կրում են աննախադեպ բնույթ»,- նշված է «Գազպրոմ»-ի  դուստր ընկերության` «Nord Stream AG»-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան հրապարակած հայտարարության մեջ։

Ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է կանխատեսել, թե երբ կարող է գազատարները նորից շահագործման հանձնվել: Գերմանական «Tagesspiegel» թերթի աղբյուրները` կառավարական շրջանակներից, ենթադրում են, որ «Հյուսիսային հոսք»-ի գազատարները կարող է այլևս երբեք չգործեն: Պայթյունից դրանց վրա առաջացել են խոշոր անցքեր, մեծ ավերածություններ, գազի ճնշումն արտահոսքի հետևանքով կտրուկ նվազել է «Հյուսիսային հոսք- 2» գազատարի Ա ճյուղում և «Հյուսիսային հոսք- 1»-ի զույգ ճյուղերում։ Դանիայի և Շվեդիայի սեյսմոլոգները հզոր պայթյուններ են գրանցել այն տարածքներում, որտեղ արտահոսք է եղել գազատարներից։

Գերմանական Der Tagesspiegel թերթի փոխանցմամբ` եթե շուտով վերանորոգումներ չկատարվեն, «Հյուսիսային հոսք»-ի երկու գազատարներն էլ երբեք չեն շահագործվի ծովի ջրից էրոզիայի պատճառով, նման մտահոգություն են հայտնել գերմանական անվտանգության ծառայությունները։

Շվեդիայի առափնյա պահպանությունը սեպտեմբերի 29-ի առավոտյան հայտնել է 4-րդ արտահոսքի հայտնաբերման մասին (գազատարներից յուրաքանչյուրը բաղկացած է զույգ խողովակաշարներից, հավանաբար պայթեցված է նաև «Հյուսիսային հոսք- 2»-ի Բ ճյուղը): Չորս արտահոսքներից երկուսն արձանագրվել են Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտում, երկուսը` Դանիայի:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան