ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ է վարել Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարների հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բանակցություններ է վարել Ղրղզստանի և Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ՝ կապված երկու երկրների սահմանային սրացման հետ, հայտնում է ՀԱՊԿ-ը։

«2022 թվականի սեպտեմբերի 16-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովի և Տաջիկստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ՝ Ղրղզստան-Տաջիկստան սահմանում իրավիճակի կտրուկ սրացումով պայմանավորված, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան»,- ասված է ՀԱՊԿ թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։

Բանակցությունների ընթացքում կողմերը հայտնել են իրավասու մարմինների միջոցով անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունների անհրաժեշտությունը։

Բախումները Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սկսվել են ուրբաթ առավոտյան։ Կողմերը միմյանց մեղադրել են հրետակոծության մեջ։ Տաջիկական կողմի տվյալներով՝ Ղրղզստանի տարածքից գնդակոծության ժամանակ զոհվել է մեկ սահմանապահ, վիրավորվել՝ 3-ը։ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է 18 տուժածների մասին։