Ավետիք Չալաբյանն այսօր ազատ կարձակվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ այսօր ժամը 21։00-ին Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից, քանի որ ավարտվում է նրա կալանքի ժամկետը, իսկ նոր դատական ակտ, որով կերկարացվեր կամ խափանման միջոց կիրառվեր, պարզապես չկա ու չի կարող լինել, քանի որ այսօրվա դատական նիստն էլ հետաձգվեց։

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է կայանար հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Սակայն Չալաբյանը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան, իսկ մեղադրյալի բացակայության պարագայում դատական նիստը ենթակա է հետաձգման։

«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացությունն այսպիսին է. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»: