«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց իր ժողովրդով գնա Երևան․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց իր ժողովրդով գնա Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե այստեղ, թե այլուր պետք է դադարեցվի, ինչպես եղել է ժողովրի պահանջը»,- Կիրանցում հայտարարեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանը նշեց, որ միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. «Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի։

Եթե սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենա Հայաստանի օրենքների համաձայն և միջազգային պայմանագրերի հիմունքների ու սկզբունքների վրա։ Այլ կերպ չի կարող լինել։ Միակողմանի, միանձնյա որոշումներ, մոլորեցնող, խաբեբայական որևէ ձևով այլ դրսևորումներ չեն կարող լինել։

Մենք գիտենք որ ականազերծման գործընթացը արդեն սկսված է, բայց դա որևէ ձևով չի խանգարում մեր պահանջը հնչեցնելու և մեր նպատակին ու ցանկությանը հասնելու համար»։

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ շարժումը կառաջնորդեն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այս շարժումը վերկուսակցական, ապակուսակցական է, որևէ գույն, տեսք, նշան չունի։
Նախատեսում ենք ամիս 9-ին կեսօրին գտնվել Երևանում։  Շարժումը ձևավորվել է բնական, բնական էլ գնալու է։ Ինչպես ուզենք, այնպես էլ կգնանք՝ մեր երկիրն է, մեր ճանապարհը։

Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»։