Բերձորի, Աղավնոյի, Լաչինի միջանցքի հանձնման մասին Նիկոլի հայտարարությունները հաղորդում են նախապատրաստվող պետական դավաճանության մասին. 4

Սկիզբը` այստեղ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է կազմվեր Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով այլընտրանքային ճանապարհ կառուցելու պլանը՝  համաձայնեցնելով կողմերի հետ։

Նշելով այս մասին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ԱԺ հունիսի 30-ի նիստում

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանին ուղղել է հետևյալ հարցերը.

«Ներկայումս մեզ հրացնում են մի ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է և դուրս է 5 կմ լայնությունից, որի պատճառով էլ փաստորեն ի հայտ է եկել Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների հայաթափման հարցը։ Հայաստանի Հանրապետության վարչապետն ասում է, որ  «Այս (ես մեջբերեմ իր խոսքը) երթուղու ընտրության հարցում Արցախի իշխանությունները ներգրավված են եղել, և մենք առաջնորդվել ենք իրենց նախընտրություններով»։ Արդյո՞ք այս նոր կառուցվող ճանապարհը կապ ունի 6-րդ կետում նկարագրված ճանապարհի հետ, թե՞ սա այլ ճանապարհ է, միգուցե և բարձրակարգ: Տրվե՞լ է համաձայնություն, թե՞ ոչ, եթե այո, ապա ե՞րբ է տրվել ձեր կողմից, և համաձայնություն տալուց առաջ նախատեսե՞լ էիք վերը նշված բնակավայրերի հայաթափվելու հարցը»։

Դե, նորություն չէ, որ Նիկոլը սիրում է մեղքը սրա- նրա գրպանը գցել, մեկ` Ռուսաստանի, մեկ` ընդդիմության, հիմա էլ միգուցե` հենց Արցախի իշխանությունների` ասելով, որ «Արցախի իշխանությունները ներգրավված են եղել, և մենք առաջնորդվել ենք իրենց նախընտրություններով»։

Հիմա դիտարկենք, վերլուծենք Արայիկ Հարությունյանի պատասխանը ու փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության (պայմանավորվածությունների) 6-րդ կետի 2-րդ պարբերության խախտմամբ Քաշաթաղի միջանցքը մոտ ապագայում մեր թշնամուն հանձնելու, այնտեղ գտնվող հայկական բնակավայրերի հայաթափման մեղքն արդյոք վերցնո՞ւմ է իր կամ Արցախի իշխանությունների վրա…

«Կապված երթուղու հետ` մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն՝ և Ադրբեջանի կողմից, և Ռուսաստանի Դաշնության կողմից, բոլոր առաջարկությունները մերժվել են»,- ասել է Հարությունյանը:

Մեղմ ասած, ցավալի է, պետք է ափսոսալ, որ թե՛ Մետաքսե Հակոբյանը, թե՛ Արցախի ԱԺ որևէ այլ պատգամավոր Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնողին չի տվել հետևյալ հարցերը.

  1. Ըստ Ռուսաստանի կողմից երթևեկության նոր երթուղու վերաբերյալ առաջարկության կամ առաջարկությունների, երթևեկության նոր երթուղին 5 կմ լայնությամբ Քաշաթաղի միջանցքո՞վ պետք է անցներ, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, թե՞ բարձր մակարդակով ձեռք բերված տվյալ պայմանավորվածության խախտմամբ պետք է լիներ նշված միջանցքից դուրս, և եթե Քաշաթաղի միջանցքով պետք է անցներ, ապա ձեր կամ ԱՀ իշխանությունների կողմից ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ է մերժվել ՌԴ առաջարկությունը (առաջարկությունները):
  2. Ըստ Ադրբեջանի կողմից երթևեկության նոր երթուղու վերաբերյալ առաջարկության կամ առաջարկությունների, երթևեկության նոր երթուղին 5 կմ լայնությամբ Քաշաթաղի միջանցքո՞վ պետք է անցներ, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, թե՞ բարձր մակարդակով ձեռք բերված տվյալ պայմանավորվածության խախտմամբ պետք է լիներ նշված միջանցքից դուրս, և եթե Քաշաթաղի միջանցքով պետք է անցներ, ապա ձեր կամ ԱՀ իշխանությունների կողմից ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ է մերժվել Ադրբեջանի առաջարկությունը (առաջարկությունները):

«Գործող մայրուղին, ավելի ճիշտ, առաջարկվող մայուղին (խոսքն իրականում ոչ միայն առաջարկվող, այլև Ադրբեջանի կողմից այժմ թափով կառուցվող մայրուղու մասին է.- Ա.Հ.) քննարկվել է մի քանի անգամ Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են բոլոր քաղաքական ուժերը` Ազգային ժողովում ներկա»,- շարունակելով պատգամավորին իր պատասխանը, ասել է Արայիկ Հարությունյանը:

Ուշադրություն` ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը չի ասում ում կողմից առաջարկվող մայրուղին: Չի ասում, որ այդ մայրուղին անձամբ իր կամ Արցախի իշխանությունների կողմից է առաջարկվել: Իսկ այն, որ առաջարկվող մայրուղու հարցը մի քանի անգամ քննարկվել է ԱՀ Անվտանգության խորհրդում Ազգային ժողովում ներկա բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, դեռ բնավ չի նշանակում, թե այդ բոլոր քաղաքական ուժերն իրենց համաձայնությունն են տվել առաջարկվող երթևեկության նոր երթուղուն, նշանակում է ընդամենը, որ նրանք մասնակցել են այդ քննարկմանը:

Հիմա փորձենք հասկանալ, թե ո՞ւմ կողմից է, Արայիկ Հարությունյանի խոսքով, «առաջարկվող մայուղին»: Քանի որ ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողն արդեն ասել է, որ և՛ Ադրբեջանի կողմից, և՛ Ռուսաստանի Դաշնության կողմից երթուղու հետ կապված «բոլոր առաջարկությունները մերժվել են», ուրեմն պարզ է, որ ընտրված երթուղին նրանցից որևէ մեկի առաջարկածը չէ, ու քանի որ չի ասում, որ երթևեկության նոր երթուղին իր կամ ԱՀ իշխանությունների առաջարկածն է, ապա մնում է եզրակացնել, որ Քաշաթաղի միջանցքից դուրս և այնտեղ գտնվող բնակավայրերի հայաթափում նշանակող երթուղի ընտրելու առաջարկը հենց Նիկոլինն է, ինչն Արայիկ Հարությունյանն աշխատում է թաքցնել, չմատնել նրան: Միայն ասում է, որ մայրուղին եղել է «առաջարկվող», և իրենք ընտրել են, ըստ իրենց, «լավագույն տարբերակը» (իրենք` ովքե՞ր, պարտավոր է հստակեցնել):

«Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը, կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բացատրել, ավելի ճիշտ, բարձրաձայնել` ինչու ենք ընտրել այդ տարբերակը` հենց հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը»,- ասել է ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը:

Նախ, եթե հիշում եք, Արայիկ Հարությունյանը, Նիկոլն ու նիկոլենք Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում չէին ասում ճշմարտությունը, բազմիցս շահարկում էին «գաղտնիքներ» ասվածը, իսկ դրա տակ կատարվում էր պետական դավաճանություն: Կարելի է ենթադրել, որ այս առումով հաջող փորձ է ձեռք բերվել, այսինքն` երբ պետք է ճշմարտությունը, ազգային անվտանգության դեմ ուղղված քայլերը կամ սեփական անգործությունը թաքցնել, կառչել «գաղտնիքներ»-ից:

Ի՞նչ «գաղտնիքներ»… Հարությունյանն ինքն իրե՞ն է խաբում, թե՞ Արցախի բնակչությանը և ողջ հայ ժողովրդին… Ադրբեջանն այս պահին իր զբաղեցրած տարածքում կառուցում է այդ ճանապարհի 7 կիլոմետրանոց հատվածը, ուրեմն Ալիևն և Էրդողանը չգիտեն դրա հետ կապված «գաղտնիքները», Արայիկ Հարությունյանը գիտի՞… Առնվազն ծիծաղելի է:

Երկրորդ. իրականությունը, փաստերը, որոնց կանդրադառնանք առաջիկայում, վկայում են, որ ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողի ասածը, մեղմ գնահատմամբ, ճիշտ չէ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության խախտմամբ և Քաշաթաղի միջանցքից դուրս երթևեկության նոր երթուղի ընտրելով, ինչը, ընդգծում ենք, նշանակում է նաև այնտեղ գտնվող հայկական բնակավայրերի հայաթափում, անվտանգային մեր հետագա խնդիրը ոչ թե լուծվում, այլ ճիշտ հակառակը` հարվածի տակ է դրվում:

«Վերջում, ճանապարհն ավարտվելուց հետո, երբ որ լինի ճանապարհ, մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու` արդյոք, առաջին հերթին, որակական առումով, ճանապարհի որակի, կառուցման որակի առումով համապատասխանում է այն պայմաններին, ստանդարտներին, որոնք մենք ենք ուզում, երկրորդ` արդյոք լինելու է անվտանգ, իսկ, իմ կարծիքով, շատ ավելի անվտանգ է լինելու` բազմաթիվ անվտանգային խնդիրներ հաշվի առնելով»,- շարունակելով պատասխանել պատգամավորի հարցին, ասել է Արայիկ Հարությունյանը:

Հարկ է ուշադրություն դարձնել, որ ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը բիզնեսմենի, օլիգարխի հոգեբանությամբ, «առաջին հերթին», կառուցվող ճանապարհի որակից է խոսում, և, երկրորդ հերթին, նոր միայն անվտանգությունից, թեև պետք է, նախևառաջ, անվտանգությունը կարևորեր:

Քաշաթաղի միջանցքով ներկայումս գործող ճանապարհի որակն էլ վատը չէ, եթե նույնիսկ առանձին հատվածներում ասֆալտածածկի հետ կապված խնդիրներ կան, ճանապարհաշինական այդ խնդիրները միանշանակ լուծելի են, ահամեմատ կարևորը ճանապարհի անվտանգության խնդիրն է, որի առնչությամբ Հարությունյանը միանշանակ չի ասում, թե այն անվտանգ է լինելու, այլ ասում է` «իմ կարծիքով, շատ ավելի անվտանգ է լինելու»: Վաղը եթե ադրբեջանական կողմը կրակեց կամ ական պայթեցրեց, սպանեց մերոնց, Արայիկ Հարությունյանը կամ լռելու է, կամ ասելու է` ես ընդամենն իմ կարծիքն էի արտահայտել:

Մենք արդեն ծանոթ ենք Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում նրա արտահայտած կարծիքներին հաղթելու և այլնի վերաբերյալ, ի հեճուկս իրեն, չենք մոռացել, ու գոնե պատերազմից հետո գիտենք, որ նրա կարծիքը նույնիսկ լումայի արժեք չունի:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան