Անն Իդալգոյի հրավերով Հրաչյա Սարգսյանն Աբիջանում մասնակցել է կլիմայի հարցերով քաղաքապետերի գագաթաժողովին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով Կոտ դ’Իվուարի Հանրապետության Աբիջան քաղաքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է կլիմայի հարցերով քաղաքապետերի գագաթաժողովին:

«Միջոցառումն իր շուրջն է համախմբել ներկայացուցիչներ՝ աշխարհի շուրջ 400 քաղաքներից:

Կարևորելով Երևանի մասնակցությունը նման մեծամասշտաբ միջոցառմանը՝ շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին՝ միջազգային հարթակներում փորձի փոխանակման հնարավորության համար:

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիայի շրջանակում Փարիզում ստորագրված համաձայնագրով Հայաստանն այսօր էլ հանձնառու է շարունակելու ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև հաջողությամբ անցում կատարելու գագաթաժողովի ժամանակ սահմանված լուծումների կենսագործմանը: Համատեղ նախագծերի իրականացման արդյունքում համոզված եմ՝ մենք կկարողանանք գտնել արդյունավետ լուծումներ, որոնք ուղղված կլինեն նոր մարտահրավերների դիմակայմանը»,- գրել է Երևանի քաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում։