Բերձորի, Աղավնոյի, Լաչինի միջանցքի հանձնման մասին Նիկոլի հայտարարությունները հաղորդում են նախապատրաստվող պետական դավաճանության մասին. 3

Սկիզբը` այստեղ

«Համախմբում» նախաձեռնության կողմից երեկ կազմակերպված «Արցախի արդի մարտահրավերները.Բերձորի հանձնում, նոր պատերազմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կամա թե ակամա, մատնեց, որ Արցախի իշխանությունները նույնպես ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, պետական դավաճանության մեջ մեղադրվող Նիկոլի հետ միասին մտադիր են ու պատրաստվում են Ադրբեջանին հանձնել Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը և այնտեղ գտնվող հայկական ու հայաբնակ բնակավայրերը, մասնավորապես, Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձորը և Աղավնո գյուղը:

Նախ, ինչպես արդեն նշել ենք, Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը չի ընդդիմացել Բերձորը, Աղավնոն և Քաշաթաղի միջանցքն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին «մամուլի ասուլիսում» Նիկոլի ասածներին:

Երկրորդ. Արցախի իշխանությունները Բերձորի և Աղավնոյի բնակիչներին Քառասունչորսօրյա պատերազմից հետո դիտարկել են իբրև տեղահանվածներ, ու թեև նրանք փաստացի տեղահանված չեն եղել, առ այս պահը տեղահանված չեն և իրենց համայնքներում են բնակվում, նրանց տրամադրել ու տրամադրում են այն բոլոր արտոնությունները, ինչ տեղահանվածներին:

«Պետք է ասեմ, որ այսօր էլ և Բերձորի բնակիչները, և Աղավնոյի բնակիչները զուտ իրավական տեսանկյունից նույն արտոնություններից են օգտվում, որոնք որ սահմանված են բոլոր տեղահանված անձանց համար, այսինքն` նրանք, ըստ էության, բնակվելով իրենց բնակավայրերում, միևնույն ժամանակ, այսպես ասած, համարվում են տեղահանված անձինք»,- ասաց Գեղամ Ստեփանյանը և հավելեց, որ պետական այն ծրագրերը, որոնք գործարկվել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած բնակավայրերից տեղահանված անձանց նկատմամբ , նաև գործարկվել են Բերձորի և Աղավնոյի ժողովրդի նկատմամբ:

Արցախի ՄԻՊ-ի հայտնած տեղեկությունը հուշում է, որ Արայիկ Հարությունյանը, Արցախի իշխանությունները դեռ այն ժամանակվանից են Նիկոլին իրենց համաձայնությունը տված եղել հիշյալ բնակավայրերը և միջանցքը թշնամու վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ, իսկ այդ բնակավայրերի բնակիչներին վաղապես արդեն դիտարկել որպես տեղահանվածներ:

Երրորդ. «Ես որոշակի տեղեկություն ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե, ի վերջո, այդ ճանապարհի փոփոխությունն արդեն իրականացվի, Աղավնոյի բնակչությանը տեղավորել Հին Շեն և Մեծ Շեն համայքներում նախապատվորեն, իսկ կոնկրետ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են այլ տեղահանված բնակիչների նկատմամբ»,- ասաց Գեղամ Ստեփանյանը, չթաքցնելով իրականությունը` այո՛, ոչ թե` տեղահանված բնակիչների համար, այլ հենց «տեղահանված բնակիչների նկատմամբ»:

Ի՞նչ է նշանակում` «հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է…» Աղավնոյի բնակչությանը Հին Շեն և Մեծ Շեն համայքներում տեղավորելը, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են այլ տեղահանված բնակիչների նկատմամբ… Ինչո՞ւ է ընդհանրապես այդ հարցը քննարկվում, եթե Արայիկ Հարությունյանը Նիկոլին դավաճանաբար արդեն իսկ չի լիազորել, առնվազն չի տվել իր համաձայնությունը, որ նա Ադրբեջանի վերահսկողությանը հանձնի Քաշաթաղի միջանցքը և այնտեղ գտնվող բնակավայրերը:

Քաշաթաղի միջանցքի` ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվելու և նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության առկայության պայմաններում ով կամ ովքե՞ր կարող են Աղավնոյի և Բերձորի բնակիչների տարհանման խնդիր առաջացնել, եթե ոչ հենց Նիկոլը և ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը…

Անվիճելի է, որ Նիկոլն Արցախի իշխանությունների փոխարեն որոշում կայացնելու իրավունք չունի, այդ իրավունքը միմիայն Արցախի իշխանություններինն է, իսկ եթե Նիկոլն առանց նրանց որոշման, առանց նույնիսկ նրանց կամքը, համաձայնությունը հաշվի առնելու է գնացել այդ դավաճանական քայլին, Արայիկ Հարությունյանը կարող է և պարտավոր է ընդդիմանալ դրան, ավելի ճիշտ, դա արդեն պետք է արած լիներ:

Այո, Արայիկ Հարությունյանը, Արցախի իշխանությունները կարող են ու պարտավոր են հրապարակայնորեն իրենց անհամաձայնությունը հայտնել Քաշաթաղի միջանցքը և այնտեղ գտնվող բնակավայրերը թշնամուն հանձնելուն, եթե համարենք, որ Նիկոլն այդ քայլին գնացել է առանց իրենց համաձայնության, բայց դա մինչ այս պահը չեն արել ու, քանի որ արդեն պարզ է նրանց էությունը, կարող ենք եզրակացնել, որ չեն էլ անի:

Այն, որ Արցախի իշխանությունները Բերձորի և Աղավնոյի բնակիչներին տարհանելու, վերջիններիս Հին Շեն և Մեծ Շեն համայքներում տեղավորելու տարբերակներ են քննարկում, վկայում է, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլի հետ միասին նույն դավադիր ծրագրի մասնակիցն է և Ալիևի կամակատարը, հակառակ պարագայում այդպիսի տարբերակներ չէին քննարկվի:

Ավելին. Արայիկ Հարությունյանը, Արցախի իշխանությունները դրա փոխարեն և ի հեճուկս Ալիևի, Ադրբեջանի, Նիկոլի և Հայաստանում գտնվող մեր մյուս ներքին թշնամիների նկրտումների, կարող էին ու պարտավոր էին Աղավնոյում ու Բերձորում բնակվելու կոչ ուղղել Արցախում և Հայաստանում բնակվող Արցախի տեղահանված բնակիչներին, դրա համար բարոյապես ու նյութապես խրախուսել նրանց, կոչի հետ միասին հայտնել նյութական աջակցության մասին:

Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնողը երեկ ԱՀ Ազգային ժողովի նիստում հանդես գալով ամենամյա հաղորդմամբ և անդրադառնալով 2022թ. անելիքներին, շեշտել է, որ ԱՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է Արցախի անվտանգությանն ուղղված աշխատանքը՝ այդ ճանապարհին կարևորելով յուրաքանչյուրի ջանքն ու ներուժը՝ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում։

Վերը շարադրվածից հետո պարզ է արդեն, որ Արայիկ Հարությունյանն Արցախի անվտանգությանն ուղղված աշխատանքներ կատարելու երևութականություն ստեղծելով` տպավորություն ստեղծելու համար այդ ուղղությամբ թեկուզ ինչ-որ ոչ էական քայլեր կատարելով, իրականում գործում է հենց Արցախի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, քանի որ չի ընդդիմանում Ադրբեջանին Քաշաթաղի միջանցքի և այնտեղ գտնվող հայկական բնակավայրերի հանձնման, դրանց հայաթափման Ալիևի ու Նիկոլի ծրագրի դեմ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան