Դաշինքը Ռուսաստանի հետ առճակատման է պատրաստվել 2014 թվականից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն սկսել է պատրաստվել Ռուսաստանի հետ առճակատման 2014 թվականին, Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Իրականում մենք պատրաստվել ենք Ռուսաստանի հետ առճակատման 2014 թվականից, ուստի մենք մեծացրինք մեր ռազմական ներկայությունը դաշինքի արևելքում, սկսեցինք ավելի շատ գումարներ ծախսել պաշտպանության վրա, ինչպես նաև բարձրացրինք մեր ուժերի պատրաստվածության աստիճանը»,- Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հաստատել են դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը մինչև 2030 թվականը։ Նոր ռազմավարության համաձայն՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի կողմից դիտվում է որպես «ուղիղ սպառնալիք», այլ ոչ որպես գործընկեր։ Բրյուսելը, սակայն, նշել է, որ մտադիր է պահպանել Մոսկվայի հետ կապի ուղիները՝ ռիսկերը նվազեցնելու համար։

Ռուսաստանը բազմիցս նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի նպատակը առճակատումն է, սակայն բաց է ՆԱՏՕ-ի հետ հավասար հիմունքներով երկխոսության համար, նշել է ՌԴ ԱԳՆ-ը։