Զոհված զինծառայողների ծնողները մտան Գլխավոր դատախազության շենք

Դատախազության շենքի առջև այսօր՝ հունիսի 30-ին, բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների ծնողներից տասը մտան շենք՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ սպասվող հանդիպմանը՝ լրատվամիջոցների ներկայության պահանջով:

Նշենք, որ ավելի վաղ Դատախազությունից առաջարկել էին վերև բարձրանալ երկու հոգով, սակայն ծնողները մերժել էին առաջարկը՝ պահանջելով նվազագույնը ութ ծնողների ներկայություն:

Ավելի ուշ Դատախազությունից նշել էին, որ տասը ծնող կարող է բարձրանալ, սակայն առանց լրատվամիջոցների ներկայության և առանց հեռախոսների:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Դատախազության շենքի առջև: Նրանք ցանկանում են հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետև անքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Նրանք պահանջում են նաև, որ գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության և գործում ընդգրկվի որպես մեղադրյալ: