Ոմանք կարող է «ինֆարկտ» ստանան այս «սարսափելի» բացահայտումից․ Աբովյան

Մի բան ասեմ, բայց հանկարծ մարդու չասեք, թե չէ ոմանք կարող է «ինֆարկտ» ստանան այս «սարսափելի» բացահայտումից։

Ուրեմն սենց… ոմանք դեմքի լուրջ արտահայտությամբ արդեն տեւական ժամանակ պնդում են, որ տարբերակ չկա, պիտի լիարժեք հանձնենք պետական և ազգային շահերը հավաքական «թուրքին», Արցախի հարցի լուծումը մեզանից երբեք իբր կախված չի եղել և իբր ամեն ինչ կախված է նրանից, թե «ալամ աշխարհի մեծերը» ինչ կորոշեն։

Այս անգրագետ աբսուրդն տարածողները կա՛մ իսպառ պատկերացում չունեն, թե ինչպես են աշխատում աշխարհաքաղաքական մեխանիզմները, կա՛մ միտումնավոր ստում են՝ փորձելով սերմանել մեր մեջ ազգային և պետական անճարության բարդույթը։

Պարզ է, որ այս պարագայում շատ հեշտ է արդարացնել իշխանությունների բոլոր խայտառակ ձախողումները և պարզապես լվանալ ձեռքերը ասելով, որ  «դե աշխարհի մեծերը տենց են որոշել, մենք տարբերակ չունենք»։

Անգրագետ սուտ է։

Պարզապես մի տարրական քաղաքագիտական թեզ հիշեցնեմ բոլոր այդ իբր քաղաքական «մոնստռներին»։

Յուրաքանչյուր պետության շուրջ ձեւավորվող աշխարհաքաղաքական իրավիճակը բաղկացած է երկու հիմնական գործոններից։

1- Ո՞ր գերպետությունների հետաքրքրությունների գոտում է գտնվում սույն պետությունը և որքանով է սույն պետությունը համապատասխանում կամ խանգարում գերտերությունների հետաքրքրությունների «քեյսին»։

2- Ինչ հետարքրությունն ուզում են ունենան գերպետությունները, իրենք նաեւ առաջնորդվում են այն քաղաքական տեսլականով, որը իր հերթին ձեւավորում է սույն պետությունը։

Այո համաձայն եմ, որ խնդիր կա ռեսուրսի, խոշոր խաղաղցողների և մեր ցանկությունների իրար համապատասխանացնելու խնդիր, սակայն շատ բան կախված է, թե ինչ է պետությունը իր համար որդեգրում, որպես քաղաքական ուղենիշ։

Այսինքն, եթե պետությունը որոշում է, որ նա պիտի հանձնվի և հանձնի իր պետական շահերը, դիմացը ակնկալելով ինչ որ «բան», ապա ոչ մի գերպետություն չի խանգարի այդ պետությանը ինքնաոչնչացվել, իսկ եթե պետությունը կոնցեպտուալ որոշում է ընդունում, որ ոչ մի «թիզ» իր կենսական շահերից չի հանձնի, ապա այս պարագայում նույն գերպետությունները աշխատում են այդ պետության հետ լրիվ ուրիշ սկզբունքներով։

Նենց որ մի հավատացեք սրա-նրա քաղաքագիտական «լոլոներին»։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից