Ռուսաստանը հրաժարվել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ճապոնիայի հետ բանակցություններ վարել

Ռուսաստանը հրաժարվել է խաղաղության պայմանագրի շուրջ Ճապոնիայի հետ բանակցություններ վարել՝այդ երկրի ոչ բարեկամական գործողությունների պատճառով, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Ռուսական կողմը ներկա պայմաններում մտադիր չէ շարունակել բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, քանի որ անհնար է քննարկել երկկողմ հարաբերությունների հիմնարար փաստաթղթի ստորագրումը մի պետության հետ, որը բացահայտ անբարյացակամ դիրքորոշում է ընդունում և ձգտում է վնասել մեր երկրի շահերին»,- ասվում է ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ինչպես ընդգծել են գերատեսչությունում, «ռուս-ճապոնական համագործակցությանը հասցված վնասի ողջ պատասխանատվությունը» կրում է Տոկիոն, որը միտումնավոր ընտրել է «հակառուսական կուրս՝ փոխշահավետ համագործակցություն և բարիդրացիություն զարգացնելու փոխարեն»։

Ռուսաստանը դադարեցնում է Ճապոնիայի քաղաքացիների՝ առանց վիզայի ճանապարհորդությունը հարավային Կուրիլյան կղզիներ, դուրս է գալիս այնտեղ համատեղ տնտեսական գործունեություն սկսելու շուրջ երկխոսությունից, ինչպես նաև արգելափակում է Ճապոնիայի՝ որպես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործընկեր ոլորտային երկխոսության կարգավիճակի երկարաձգումը։

Հիշեցնենք՝ 1956 թվականին Մոսկվան համաձայնել է քննարկել Հաբոմայի և Շիկոտանի հանձնման հարցը խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Խորհրդային կողմը հույս ուներ վերջ տալ տարածքային վեճերին, սակայն Տոկիոն չհրաժարվեց բոլոր կղզիների նկատմամբ հավակնություններից։ Արդյունքում՝ խաղաղության պայմանագիրն այդպես էլ չկնքվեց։

Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ կղզիները ԽՍՀՄ-ի կազմ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և նրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկածից վեր է: