Զելենսկու գրասենյակը հաստատել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակությունը տեղի կունենա մարտի 21-ին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կիրակի օրը՝ մարտի 20-ին, հաստատել է, որ բանակցությունները ռուսական պատվիրակության հետ կշարունակվեն մարտի 21-ին։ Գրում է  «Իզվեստիան»:

«Այո, իհարկե: Վաղն առավոտյան: Հաջորդ փուլ: Մինչ այդ աշխատանքային ենթախմբերում չափազանց ինտենսիվ աշխատանք է եղել»,- ասաց նա։

Ավելի վաղ «Ուկրաինսկայա պրավդան» հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է երկուշաբթի՝ մարտի 21-ին։

Մարտի 18-ին Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները կարող են շարունակվել առնվազն ևս մի քանի շաբաթ։ Նա ընդգծել է, որ ուկրաինական պատվիրակությունը Կրեմլի դիրքորոշման ավելի «ադեկվատ» դառնալու նշաններ է տեսնում։

Պոդոլյակը հավելել է, որ բանակցությունների առանցքային հարցերը ներառում են անվտանգության երաշխիքները, հրադադարը, ռուսական զորքերի դուրսբերումը և «վիճելի տարածքների քաղաքական կարգավորումը»։

Միաժամանակ, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ կողմերը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ-ին չմիանալու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ՌԴ Զինված ուժերից նշում են, որ թիրախավորում են միայն ռազմական ենթակառուցվածքները և ուկրաինական զորքերը։