Երևանի Արին Բերդ փողոցում պայթյունի հետևանքով 19-ամյա մարտունեցի ուսանող է մահացել

Երևանի Արին Բերդ փողոցի տներից մեկում պայթյունը, որը մեկ տղայի կյանք էր խլել, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքից է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Հակոբյանը։
Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում այսօր առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։

Երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել դեպքի վայրում։

«Փլուզումը տեղի է ունեցել կցակառույցում, որտեղ էլ տեղադրված է եղել հեղուկ գազի բալոն։ Տունը, որին կից կառույցն է, գազաֆիկացված է, և այնտեղ գազաֆիկացման նախագծով տեղակայված են սարքավորումները, ինչպես նաև անվտանգության համակարգն է տեղակայված` ամեն ինչ նորմալ է։ Ես նկարներ և վիդեոներ տեսա` կցակառույցում հեղուկ գազի բալոնով գազի կալոնկա է միացրած եղել»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով`այնտեղ ապրող երիտասարդ տղան իր կամքով հեղուկ գազի բալոն է դրել, իսկ հեղուկ գազի տեղադրումը «Գազպրոմ Արմենիան» չի կանոնակարգում, պետական տեսչական մարմիններն են զբաղվում դրանցով։

Հակոբյանը հավելեց, որ հավանականությունը բարձր է, որ արտահոսք է եղել, ինչի մասին փաստում է գազի բալոնի վրա եղած սպիտակ հետքը, քանի որ, երբ արտահոսք է լինում, բալոնի վրա ինչ–որ հատված սպիտակում է։

«Հեղուկ գազի բալոնից կամ կալոնկայից է արտահոսք եղել, և կալոնկան պայթյունից մի կողմ է շպրտել»,–ասաց Հակոբյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։