Բացառվում է. Ավետիսյանը՝ թուրքերին և ադրբեջանցիներին հողատարածքների հնարավոր վաճառքի մասին

«Ես գիտեմ, որ Հայաստանի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե Արագածոտնի մարզից բնակիչներն ահազանգում են, որ արաբ ներկայացած թուրքերը մեծ թվով հողատարածքներ են ձեռք բերում մարզում, մասնավորապես Օհանավանում, Ապարանում, վիճակագրությո՞ւն կա, թե քանի գույք է ձեռք բերվել արաբների կամ թուրքերի, ադրբեջանցիների կողմից:

Ա. Ավետիսյանը նաև ասաց, որ հարցն իրեն ուղղված չէ, եթե հողատարածքները ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ որոշակի վիճակագրություն կար՝ տարիների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիները 6 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն ասաց, որ անշարժ գույքն ու հողատարածքը պետք է տարբերակել. «Անշարժ գույքի տվյալներ, բնականաբար չունենք, պետական գույք որպես այդպիսին չի օտարվել ոչ ռեզիդենտներին»։