Այժմ որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը և նրա ապագա տեղը աշխարհում. Նարիշկին

Ռուսաստանը երբեք չի նահանջի իր ինքնիշխանության ապահովման հարցում. հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Նրա խոսքով, այժմ որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը և նրա ապագա տեղը աշխարհում։

«Մեր երկիրն այժմ իսկապես պատմական պահ է ապրում։ Որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, նրա ապագա տեղը աշխարհում»,- ասել է Նարիշկինը. մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հորդորել է չմոռանալ, որ Ռուսաստանի Դաշնության զարգացման հիմնական գործոնը և նրա հազարամյա պատմության առանցքը եղել և մնում է ինքնիշխանությունը։ «Սա մեր քաղաքացիների բարեկեցության և արժանապատվության երաշխիքն է, սա է մեր երեխաների ապագան է։ Նման հարցերում Ռուսաստանը երբեք չի նահանջել ու չի նահանջի, քանի որ հակառակ դեպքում նա կդադարի Ռուսաստան լինել»,- ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։

Նարիշկինն ընդգծել է, որ Ուկրաինայում «հատուկ գործողություն» սկսելու որոշումը հիմնված է աշխարհում տիրող իրավիճակի վրա, և «ռուսատյաց Կիևի ռեժիմի» հետ կապված ամենափոքր ուշացումը մոտ ապագայում մեծ ողբերգության կվերածվեր։ «Դոնբասի բնակչության պաշտպանությանն ու մեր երկրի անվտանգությանը նպատակաուղղված հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահի որոշումը հիմնված է պատմական օրինաչափությունների խորը վերլուծության և աշխարհում իրավիճակի չափազանց ճշգրիտ, իրատեսական գնահատման վրա»,- նշել է Նարիշկինը: