Ես շատ վատ լուր ունեմ ադրբեջանական իշխանությունների համար․ Արման Թաթոյան

«Այս պահին ինձ չեմ տեսնում պետական համակարգում, ես ինձ տեսնում եմ այլ գործունեություն իրականացնելիս»,- իր աշխատանքային գործունեության ամփոփիչ ասուլիսում ասաց  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ իրականացնելու է հանրային գործունեություն։
«Ես շատ վատ լուր ունեմ ադրբեջանական իշխանությունների համար, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի դադարեցնում իր հանրային գործունեությունը՝ հատկապես ադրբեջանական խախտումների հետ կապված։ Շարունակելու ենք իրենց խախտումները, պատերազմական հանցանքները վեր հանել, այնպես որ իրենք ուրախանալու տեղ չունեն»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

Նա ասաց, որ քաղաքական որևէ ուժից իրենց միանալու առաջարկ չի ստացել. «Ստանալու դեպքում էլ չեմ պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ։ Առավել ևս հիմա ես իրականացնելու եմ հանրային գործունեություն»։

Հարցին՝ եթե առաջարկվեր երկրորդ անգամ ընտրվել ՄԻՊ պաշտոնում, կհամաձայնե՞ր, Ա. Թաթոյանը պատասխանեց. «Եթե իմ խնդիրը լիներ վերաառաջադրվելն ու վերընտրվելը, կարող էի  այնպես աշխատել, որ վերաառաջադրվեի, առավել ևս եղել են ակնկալիքներ, որ իմ հրապարակային  գործունեությունը դադարեցնելու, էականորեն պասիվացնելու պայմաններում կարող էր նման շանս ընձեռվել։ Իմ խնդիրը չի եղել ամեն գնով առաջադրվելը, այլ իմ խնդիրն է եղել մեր ժողովրդի  առաջ, իմ երդմանը  համապատասխան առաքելություն իրականացնելը մինչև վերջ։ Բնականաբար, արել եմ իմ գործն այնպես, ոնց պետք է անեի, երբևէ չեմ մտածել այդ մասին, չեմ անհանգստացել։ Ավելին՝ եթե ինչ-որ մեկն էլ պետք է անհանգստանար, այն պաշտոնյաներն էին, ովքեր խախտում էին մարդու իրավունքները կամ փորձում էին ՄԻՊ հաստատությանն անլուրջ վերաբերվել։ Եթե որևէ բան անում ես, մտադրվել ես, պետք է կատարես քո առաջադրանքը, ոչ թե մտածես քո բարեկեցության, կոմֆորտ զոնայի մասին»։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտոնում է 2016 թվականից. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների կողմ՝ 96, դեմ 7 հարաբերակցությամբ ընտրվել էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։ Պաշտպանն ընտրվում է վեց տարի ժամկետով։
Արման Թաթոյանի կհաջորդի Քրիստինե Գրիգորյանը։ Նա ՄԻՊ է ընտրվել հունվարի 24-ին, թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։