2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 22

Սկիզբը` այստեղ 

Ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմի հավանականությունը գնալով ավելի է մեծանում, քանի որ Ուկրաինան փաստացի հրաժարվում է Մինսկի համաձայնագրերի կատարումից: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ իրեն դուր չի եկել մինսկյան պայմանավորվածությունների ոչ մի կետ։

Այս հոդվածաշարի փետրվարի 8-ի հրապարակման  մեջ կանխատեսել էինք, որ Նորմանդական քառյակի շրջանակում տարվող բանակցությունները, որոնք Դոնբաս Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը, ինչպես նաև դրանից հետո ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմը կանխելու թերևս վերջին հնարավորությունն են, նույնպես անարդյունք են լինելու:

Նշել էինք, որ Ուկրաինան հրաժարվելու է Մինսկի համաձայնագրերով իր ստանձնած պարտավորությունների կատարումից, մինչդեռ Ռուսաստանը դեմ է լինելու համաձայնագրերի ցանկացած էական խմբագրմանը, պնդելու է դրանց կատարման անհրաժեշտությունը և առանց այդ համաձայնագրերի կատարման, Դոնբասում ներուկրաինական ճգնաժամի հաղթահարման անհնարինությունը:

Ցավոք, մեր վերոնշյալ կանխատեսումը նույնպես իրականացավ. Նորմանդական քառյակի (Ռուսաստան, Գերմանիա, Ուկրաինա, Ֆրանսիա) շրջանակում տարվող բանակցություններն անցյալ շաբաթավերջին ձախողվել են: Նորմանդական քառյակի առաջնորդների քաղաքական խորհրդականների հանդիպման ժամանակ հնարավոր չեղավ հաղթահարել Մինսկի համաձայնագրերի շուրջ տարաձայնությունները: Այս մասին, «Коммерсантъ»-ի տեղեկացմամբ, ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը (հիշյալ բանակցություններում ՌԴ ներկայացուցիչը)։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար, բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Երմակը, ըստ հրապարակման, պնդել է, որ բոլոր կողմերը հաստատել են Մինսկի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։

Ընդգծենք, որ սա զուտ կեղծավորություն ու քաղաքական խորամանկություն է` մի կողմից հաստատել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը, Մինսկի համաձայնագրերի կատարմանն Ուկրաինայի կողմ լինելը (օրերս սոսկ բառերով նույն դիրքորոշումն էր արտահայտել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին), բայց մյուս կողմից գործնականում հրաժարվել դրանց կատարումից, ավելին` բանակցություններում նույնիսկ հրաժարվել համաձայնագրում նշված պայմանավորվածությունների մեջբերումից: Մնում է եզրակացնել, որ Զելենսկին և Երմակը լավ են յուրացրել եվրոպական պոռնիկ քաղաքականության դասերը:

Երմակն ասել է, որ բանակցությունների արդյունքներով վերջնական փաստաթղթի շուրջ համաձայնության գալ չի հաջողվել, սակայն Մինսկի համաձայնագրերից Ուկրաինայի հրաժարվելը չմատնելու նպատակով, դա չի պատճառաբանել։

Դմիտրի Կոզակը Նորմանդական քառյակի առաջնորդների քաղաքական խորհրդականների հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ասել է, որ գրեթե 9 ժամ տևած բանակցություններն «ավարտվել են առանց փաստաթղթում արտահայտված տեսանելի, շոշափելի արդյունքների»։ Նրա խոսքով` Ուկրաինայի հիմնական անհամաձայնությունը Դոնբասին հատուկ կարգավիճակի տրամադրումն էր։ Ուկրաինայի ԱԳՆ-ն փետրվարի սկզբին բացառել էր պայմանավորվածությունների այս կետի իրականացումը։

«Այսօր բանակցությունների օրակարգում, առաջին հերթին, հակամարտությունը կարգավորելու քաղաքական միջոցառումներն էին, դրանք Դոնբասի հատուկ կարգավիճակի հետ կապված հարցերն էին, որոնք պետք է ամրագրվեն սահմանադրությամբ (Ուկրաինայի),- ըստ ՏԱՍՍ-ի մեջբերման, ասել է Դմիտրի Կոզակը:- Սա այն օրակարգն է, որի շուրջ մենք նախապես պայմանավորվել էինք։ Հենց այս հարցերում մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է ամեն գնով հաղթահարել մինսկյան պայմանավորվածությունների տարբեր մեկնաբանությունները։ Դա հնարավոր չեղավ հաղթահարել»:

Բանակցությունները «տորպեդահարել» է ուկրաինական պատվիրակությունը, քանի որ, ըստ Կոզակի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի պատվիրակությունները «միասնական ըմբռնում ունեին այն մասին, թե ինչպես պետք է առաջ տանել (լուծել.- Ա.Հ.) քաղաքական ոլորտում առկա խնդիրները»։ Բանակցություններում ՌԴ ներկայացուցիչը միաժամանակ ասել է, որ չի տեսնում Փարիզի և Բեռլինի պատրաստակամությունը «ճնշել Կիևի վրա» Մինսկի պայմանավորվածությունների կատարման հարցում, և արդյունքում ուկրաինական պատվիրակությունը «շարունակել է այն գիծը, որին հետևում էր նախորդ 8 տարիներին»։

Կոզակը Ուկրաինայի հարավ- արևելքում հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը «փակուղային» է անվանել։

«Ուկրաինայի դիրքորոշումը հաստատուն է,- ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:- Նրանք հրաժարվել են այս փաստաթղթում` հայտարարության նախագծում, որն առաջարկվել էր քննարկման, նույնիսկ մեջբերել Մինսկի համաձայնագրերը, որ այդ տարածքների հետկոնֆլիկտային հետագա կարգավիճակի հարցերը պետք է լուծվեն առանձին շրջանների (Դոնբաս) ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների և քննարկումների միջոցով»։

«Դոնեցկի և Լուգանսկի ռուսական օկուպացիոն վարչակազմերը ոչ մի սուբյեկտայնություն չունեն` ո՛չ բանակցային գործընթացում, ո՛չ որոշումների կայացման մեջ»,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ, նշված է Ուկրաինայի ԱԳՆ կայքում հրապարակված Ուկրաինայի արտաքին գործերի և մշակույթի նախարարներ Դմիտրի Կուլեբայի և Ալեքսանդր Տկաչենկոյի համատեղ հայտարարության մեջ:

Կարծում ենք, վերոնշյալով ամեն ինչ ասված է Նորմանդական քառյակի շրջանակում բանակցությունների վերջնականապես ձախողված լինելու, Ուկրաինայի ներկայիս իշխանությունների օրոք այդ բանակցությունների հետագա շարունակման դեպքում դրանց անիմաստ կամ զուտ քաղաքական ձևականություն լինելու, ինչպես նաև Կիևի կողմից Մինսկի համաձայնագրերն այսուհետ ևս չկատարելու վերաբերյալ:

Մյուս խոշոր տարաձայնությունը, ինչպես ավելի վաղ նշել ենք, վերաբերվում է Դոնբասում, հատկապես ՌԴ-ի հետ սահմանի երկայնքով ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայմանը, ինչը Կիևի պնդումը և Մինսկի համաձայնագրերը կատարելու` նույն համաձայնագրերով չնախատեսված նրա նախապայմանն է:

Նորմանդական քառյակի շրջանակում վերջին բանակցությունների միակ «արդյունքն» այն է եղել, որ կողմերը պայմանավորվել են նվազեցնել առկա տարաձայնությունները և կոչ են արել պահպանել Դոնբասում հրադադարի ռեժիմը։ «Արդյունք» բառը չակերտավորել ենք, որովհետև Կիևի կողմից վերոնշյալ պայմանավորվածությունը զուտ ձևական է:

«Դժվար է ասել, թե որքանով պատրաստ է Կիևը` փորձելու Դոնբասում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծել,- հավելել է Կոզակը:- Հուսանք, որ Կիևին «կբավականացնի ողջախոհությունը» շփման գծի այն կողմում գտնվող սեփական քաղաքացիների դեմ ռազմական գործողություններ չսկսելու համար» (մեջբերումը` «Ինտերֆաքս»-ի)։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում նկատի ունենալով Դոնբասում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ուկրաինայի նախկինում տապալված փորձերը, ասել էր.

«Հերթական ձախողումից հետո ի հայտ եկան Մինսկի համաձայնագրերը՝ ամրագրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով: Այսպիսով, նրանք կկատարե՞ն, թե՞ ոչ, թե՞ նորից ինչ-որ փորձ կանեն: Ի վերջո, նրանք արդեն երկու անգամ փորձել են: Ո՞վ է երաշխավորում երրորդից….»:

Վերջերս ուկրաինական բանակն իր անձնակազմի կեսը (շուրջ 125 000 զինծառայող) կենտրոնացրել է Դոնբասի հետ շփման գծի մոտ և պարբերաբար հրետակոծում է Դոնեցկի և Լուգանսկի աշխարհազորայիններին, այդ թվում՝ օգտագործելով արգելված ռազմական տեխնիկա՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր («Սմերչ» և «Ուրագան»), ինչպես նաև թուրքական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարք («Բայրաքթար»): Բացի վերոնշյալից, Ուկրաինայի ԶՈւ տրամադրության տակ են և, կասկածից դուրս է, արդեն նաև Դոնբասի հետ շփման գծի մոտ են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից, այլ պետություններից որպես ռազմական օգնություն ստացված  «Javelin» դյուրաշարժ հակատանկային հրթիռային համալիրները, «Stinger» դյուրաշարժ զենիթահրթիռային համալիրները և այլ զինատեսակներ:

Մինսկի համաձայնագրերի «դագաղի» թերևս վերջին մեխը երեկ խփել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան: Ինչպես այսօր Ուկրաինայի ԱԳՆ կայքին հղում կատարելով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին», Կուլեբան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Մինսկի համաձայնագրերը չեն կարող իրականացվել «Ռուսաստանի Դաշնության պայմաններով», որոնք ներառում են, մասնավորապես, այսպես կոչված, ուղիղ երկխոսություն Ուկրաինայի և ԴԼՄԱՇ-ի (Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների- խմբ.) միջև:

Նկատենք, որ Կուլեբան թեև միաժամանակ կեղծավորաբար ասել է, թե Ուկրաինան պատրաստ է նորմանդական ձևաչափում ռուսական կողմի մասնակցությամբ քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման շուրջ բանակցություններին, սակայն նրա հայտարարությունը, որ Մինսկի համաձայնագրերը չեն կարող իրականացվել «Ռուսաստանի Դաշնության պայմաններով», և այդ մասին Ուկրաինայի ԱԳՆ հիշյալ հրապարակումը Մինսկի համաձայնագրերի կատարումից Ուկրաինայի պաշտոնական ու հրապարակային հրաժարումն է, քանի որ Մինսկի համաձայնագրերի իրականացման ՌԴ պայմաններ իրականում գոյություն չունեն:

Բոլոր պայմանները բավական որոշակի շարադրված են հենց Մինսկի համաձայնագրերում և ենթակա են կատարման հենց այն հաջորդականությամբ, ինչպես նշված են: Փաստն այն է, որ այս պահի դրությամբ Ուկրաինան համաձայնագրերի դրույթներից, տվյալ փաստաթղթերով իր ստանձնած պարտավորություններից որևէ մեկը չի կատարում:

Ռուսաստանն ավելի վաղ բազմիցս հրավիրել է Վաշինգտոնի և եվրոպական երկրների ուշադրությունը, որ Ուկրաինայի իշխանություններն ամեն կերպ փորձում են սաբոտաժի ենթարկել Մինսկի պայմանավորվածությունների կատարումը, իսկ արևմտյան երկրները բազմիցս հայտարարել են, թե Ռուսաստանը «ներխուժում» է նախապատրաստում Ուկրաինա։

Մոսկվան հերքել ու հերքում է վերոնշյալ անհիմն մեղադրանքները և կարծում է, որ այդ հաղորդումները պատրվակ են հանդիսանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերն Արևելյան Եվրոպայում տեղակայելու համար: Միաժամանակ չբացառելով, որ նման հայտարարություններն արվում են Դոնբասում սադրանքների համար, Մոսկվան զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան